Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր Արցախի ներդրումային ու Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների աշխատակազմերին է ներկայացրել հիմնադրամների նորանշանակ տնօրեններին:
Արցախի ներդրումային հիմնադրամում, ներկայացնելով գլխավոր տնօրեն Սևակ Հարությունյանին, Ռուբեն Վարդանյանը կարևորել է հիմնադրամի հետագա թափանցիկ գործունեության կազմակերպումը՝ ընդգծելով, որ միայն այդպես է հնարավոր հանրության վստահությունը ձեռք բերել ու նպաստել Արցախում ներդրումային միջավայրի ակտիվացմանը: Նա նկատել է, որ շրջափակումը նոր իրողություն է ստեղծել, և հիմնադրամը պետք է գնահատի իր գործունեության առաջնահերթությունները։ «Վստահ եմ, որ այս դժվարությունները հաղթահարելու ենք ու գնալու ենք առաջ, և հիմնադրամը պետք է դառնա այն կարևոր օղակներից մեկը, որը ներդրումային ծրագրեր կբերի Արցախ ու կիրականացնի դրանք։ Պետք է աշխատենք թափանցիկ, բարձր որակով կատարենք մեր աշխատանքը, որպեսզի մարդկանց մոտ և՛ վստահություն լինի, և՛ Արցախում ներդրումներ անելու պատրաստակամություն»,-նշել է պետնախարարը:
Ներկայացնելով Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն Վալերի Ղազարյանին, պետնախարարը ընդգծել է գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական նշանակությունը պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից: Ռուբեն Վարդանյանը առանձնահատուկ կարևորել է շրջափակման պայմաններում հիմնադրամի համակարգված և հետևողական աշխատանքը: «Գյուղատնտեսությունը մեզ համար կարևոր ուղղություններից մեկն է թե՛ անվտանգության, թե՛ զարգացման առումներով։ Մենք պետք է այնպես կազմակերպենք այս ոլորտի աշխատանքը, որ և՛ կարողանանք պահպանել մեր գյուղմթերքի յուրահատուկ որակն ու մաքրությունը, և՛ նորագույն տեխնոլոգիաներ ներդնենք»,-նշել է պետնախարարը:
Նա նաև շնորհակալություն է հայտնել հիմնադրամների նախկին տնօրեններին՝ հետպատերազմյան բարդ շրջանում իրականացրած աշխատանքների համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը