21 12 2022

ՔՊ-ում իշխանափոխություն է տեղի ունեցել․ ֆեյք ՀՀԿ-ականն ու ԲՀԿ-ի աջակիցը ՔՊ-ականների «շեֆ». Politik.am

ՔՊ-ում իշխանափոխություն է տեղի ունեցել․ ֆեյք ՀՀԿ-ականն ու ԲՀԿ-ի աջակիցը ՔՊ-ականների «շեֆ». Politik.am

Politik.am-ը գրում է.

«Իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակության ներսում ամեն բան այնքան էլ հարթ չէ։ Կուսակցության վերջին համագումարից հետո հնաբնակները մի կողմ են քաշվել և տպավորություն է, թե մեկուսացվում են Նիկոլ Փաշինյանի կողմից։

Նիկոլ Փաշինյանը նախկինի պես չի վստահում իր թիմակիցներին և այդ էր պատճառը, որ իրեն հլու հնազանդ ծառայող Սուրեն Պապիկյանին հեռացրեց վարչության ղեկավարի պաշտոնից և ինքը զբաղեցրեց այդ պաշտոնը։ Ավելին, ՔՊ վարչության ղեկավարի տեղակալներ դարձան Գևորգ Պապոյանը և Վահագն Ալեքսանյանը։

Հետաքրքիր է, որ այս երկու անձինք էլ ՔՊ-ի հետ մինչև Փաշինյանի իշխանության գալը ոչ մի կապ չեն ունեցել։ Գևորգ Պապոյանը ՀՀԿ-ական էր (իր պնդմամբ ֆեյք ՀՀԿ-ական) ու 2008 թվականի ընտրությունների ժամանակ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի առանձնատան դիմաց բողոքի ակցիա էր անում, իսկ Վահագն Ալեքսանյանը ԲՀԿ երիտասարդ աջակից էր կամ ինչպես քաղաքական շրջանակներում են ասում՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հովանավորած տոնական միջոցառումների ժամանակ վարդ բաժանող էր։ 

ՔՊ-ում հասկացել են,  որ Նիկոլ Փաշինյանը չի  վստահում անգամ ՔՊ այն համահիմնադիրներին, ովքեր ստրուկի պես ծառայում են իրեն ու իրեն տեղակալ է դարձրել կուսակցության ընդդիմադիր եղած ժամանակ ոչ մի զրկանք չքաշած մարդկանց։ Բավական զվարճալի է տեսնել, որ կուսակցության ներսում Վահագն Ալեքսանյանն ու  Գևորգ Պապոյանն ավելի կարևոր գործիչներ են, քան Ալեն Սիմոնյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արարատ Միրզոյանը և մյուս համահիմանդիրները։

Ասում են՝  Փաշինյանի այս մոտեցումը այդքան էլ ՔՊ-ականների սրտով չէ։ Կուսակցության ներսում խոսում են, թե իրենք են դժվար ժամանակները ծեծ կերել, հայհոյանքների արժանացել, ստիպված եղել քարշ գալ ասֆալտներին, իսկ վարչության նախագահի տեղակալներն են դարձել ֆեյք ՀՀԿ-ականն ու ԲՀԿ-ի համար վարդ բաժանողը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ