07 12 2022

Ալեն Սիմոնյանն ու կինը հանգստանում են ուրիշի հաշվի՞ն. Hetq.am

Ալեն Սիմոնյանն ու կինը հանգստանում են ուրիշի հաշվի՞ն. Hetq.am

hetq.am-ը գրում է.

«Անցյալ տարվա սեպտեմբերին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, նրա կնոջ ու ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի (վարչապետի աներորդու) եւ Էդուարդ Աղաջանյանի հանգիստը հունական Միկոնոս կղզում քննարկմա թեմա դարձավ անգամ ԱԺ-ում: Երբ ընդդիմադիր պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հարցրել էր, թե որքան գումար է ծախսել Սիմոնյանը հունական կղզում՝ նշելով, որ, ըստ լուրերի, բուքմեյքերական գրասենյակներից մեկի ղեկավարն է այդ հանգստի ծախսերը հոգացել (նկատի ուներ «Վիվառոյի» համահիմնադիր Վիգեն Բադալյանին), ԱԺ խոսնակը պատասխանել էր. «Ես իմ մասնավոր կյանքը, ստերն ու դեղին մամուլը չեմ մեկնաբանում»: 

 Ալեն Սիմոնյանն ու իշխանական պատգամավորները հունական կղզում հանգստացել են հայտնի գործարարի հետ․ ովքե՞ր են եղել բիզնես դասի օդանավում

Սրանից 8 ամիս անց՝ 2022-ի մայիսին, Ալեն Սիմոնյանը ներկայացրել է 2021 թ. իր տարեկան հայտարարագիրը, որում նշել է, որ նախորդ տարի հանգստի համար ծախսել է 3100 եվրո, իսկ նրա կինը՝ Մարիամ Մարգարյանը, նույն ընթացքում հանգստի համար հայտարարագրել է 1700 եվրոյի ծախս:

«Հանրային ծառայության մասին» օրենքը պարտադրում է, որ հայտարարատու անձինք, ի թիվս այլ տեսակի ծախսերի, ներկայացնեն նաեւ իրենց հանգստի ծախսերը՝ ճանախարհածախսը (ավիատոմս, գնացքի, ավտոբուսի, նավի տոմսեր) եւ կեցության ծախսը: Սակայն այս պարտավորությունը գործում է միայն այն դեպքում, երբ ծախսի միանվագ արժեքը գերազանցում է 2 մլն դրամը (դրան համարժեք արտարժույթը), կամ էլ նույն տեսակի ծախսերի հանրագումարը գերազանցում է 3 մլն դրամը (դրան համարժեք արտարժույթը):

Այսինքն՝ եթե հայտարարատուն մեկ անգամ հանգստի մեկնելիս ծախսել է ավելի քան 2 մլն դրամ, պարտավոր է հայտարարագրել այդ գումարը, կամ եթե նա հաշվետու ժամանակահատվածում մի քանի անգամ է մեկնել հանգստի ու ընդհանուր ծախսել է ավելի քան 3 մլն դրամ, կրկին պարտավոր է հայտարարագրել գումարի չափը:

Ալեն Սիմոնյանը, կինն ու ՔՊ-ական պատգամավորները Միկոնոսում հանգստացել են 2021-ի սեպտեմբերին: Եթե հաշվի առնենք, որ թե՛ այն ժամանակ, թե՛ հայտարարագրերը ներկայացնելիս (2022 թ. մայիս) փոխարժեքն այնպիսին է եղել, որ ԱԺ խոսնակի ու կնոջ նշած ծախսերը (3100 եւ 1700 եվրո) չեն գերազանցել օրենքով նախատեսված 2 մլն դրամի նվազագույն շեմը, ապա պիտի ասենք, որ նրանք կարող էին եւ չներկայացրել վերոնշյալ գումարները: Այդուհանդերձ, քանի որ գումարները հայտարարագրվել են, կօգտվենք այդ փաստից:

Շեշտենք, որ Հրաչյա Հակոբյանը 2021 թ. կտրվածքով հանգստի ծախս չի հայտարարագրել (նրա ծախսերը վերաբերում են վարկի մարմանը եւ գերազանցում են օրենքով սահմանված շեմը՝ 3 մլն դրամը), իսկ Էդուարդ Աղաջանյանն ընդհանրապես ծախս չի հայտարարագրել: Դժվար է ասել՝ արդյոք ՔՊ-ականները թերացել են իրենց հանգստի ծախսերը հայտարարագրելիս (Հրաչյա Հակոբյանը թերի տվյալներով հայտարարագիր ներկայացնելու փորձ ունի), թե պարզապես դրանք չեն գերազանցել նվազագույն շեմը՝ 2 մլն դրամը, ինչը հնարավորություն է տվել պաշտոնյաներին թիվ չհրապարակել:  

Նախորդ տարի գրել էինք, որ 2021 թ. սեպտեմբերի 5-ին Միկոնոսից Երեւան է ժամանել բիզնես դասի մի ինքնաթիռ, որի ուղեւորները, ըստ էության, եղել են «Վիվառոյի» համահիմնադիրը, Մարիամ Մարգարյանը, Հրաչյա Հակոբյանն ու Էդուարդ Աղաջանյանը: Երբ ԱԺ նախագահին հարցրել էինք, թե արդյոք իր կինն ու կուսակից ընկերները ոչ թե սովորական չվերթով, այլ բիզնես դասի ինքնաթիռով են ժամանել Երեւան, Սիմոնյանն ասել էր, թե իր ու այլոց մասնավոր կյանքի վերաբերյալ տեղեկությունները չի մեկնաբանում, այսինքն՝ չէր հերքել: Մեր գրավոր հարցերին ընդհանրապես չէին պատասխանել օրենսդրի պաշտոն զբաղեցնող Հակոբյանն ու Աղաջանյանը՝ խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը: Այլ կերպ ասած՝ նրանք եւս չէին հերքել ու փարատել առկա կասկածները:

Նկատենք, որ Միկոնոսից Երեւան ժամանածը Մալթայում գրանցված «Bombardier Challenger 850» բիզնես դասի ինքնաթիռ էր («Վիվառոյի» սեփականատեր Բադալյան եղբայրները Մալթայի քաղաքացիներ են), որի ծառայություններից օգտվելը բավականին թանկ հաճույք է, կարելի է ասել՝ սա աերոտաքսու ծառայություն է գործարարների եւ ունեւոր անձանց համար, ու նման օդանավ վարձելը համեմատելի չէ կանոնավոր չվերթեր կատարող ավիաընկերությունների բիզնես դասի տոմս առնելու հետ:

Փաստորեն, առկա է հետեւյալ պատկերը՝ ԱԺ նախագահը, կինն ու իշխանական պատգամավորները հունական կղզում զվարճացել են հայտնի գործարարի հետ, պաշտոնյաները չեն հերքել, որ բացի Սիմոնյանից (նա Միկոնոսից մեկնել էր Վիեննա՝ պաշտոնական հանդիպումների)՝ մյուսները Երեւան են եկել միասին՝ գործարարի վարձած ինքնաթիռով: Հնչել է հստակ քննադատություն, որ հենց գործարարն է հոգացել պաշտոնյաների ժամանցի ծախսերը, ինչը եւս չի հերքվել:

Ինչու՞ է սա կարեւոր: Պարզ պատճառով. «Հանրային ծառայության մասին» օրենքն արգելում է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, այդ թվում՝ պատգամավորներին, նվեր ընդունել։ Օրենքի իմաստով «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի պաշտոն չզբաղեցնող անձի: Այդ հասկացությունն ընդգրկում է նաեւ անհատույց կամ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ այլ գործողություններ, որոնց հետեւանքով անձը ստանում է օգուտ կամ առավելություն:

«Հետքն» իր հերթին, ուսումնասիրելով համացանցում տարածված լուսանկարներն ու տեսանյութը, նշել էր այն վայրերը, որտեղ ժամանակ են անցկացրել պաշտոնյաները: Դրանցից մեկը Միկոնոսի Օրնոս ծովածոցում գտնվող եւ «Marriott» համաշխարհային ցանցի մաս կազմող «Santa Marina» 5-աստղանի հանգստավայրն էր, որը ծովի ափին առաջարկում է, մասնավորապես, հյուրանոցային համարներ ու վիլլաներ (տես գլխավոր նկարում): Այստեղից լուսանկարներ էր հրապարակել Մարիամ Մարգարյանը: Իր հերթին Ալեն Սիմոնյանը կնոջ հետ արված մի լուսանկար մեկնաբանել էր այսպես՝ «3 օր հանգիստ միասին, երեք տարի անց»:

Եթե ընդունենք, որ Սիմոնյանն ու կինը հանգստացել են 2021 թ. սեպտեմբերի 2-5-ը (կրկնենք՝ բիզնես դասի ինքնաթիռը Երեւան է եկել ամսի 5-ին), ապա կարող ենք դիտարկել «Santa Marina»-ի հյուրանոցային համարների (դատելով Մ. Մարգարյանի լուսանկարից) սակագները այդ ժամանակահատվածի համար:

Այսպես՝ եթե 2 չափահաս անձի համար 3 գիշերով (2023 թ. սեպտեմբերի 2-5-ը) սենյակ պատվիրենք «Santa Marina»-ում հենց հիմա, ապա կանխավճարային փաթեթի (սա ամենաէժան փաթեթն է) նվազագույն արժեքը կլինի 3157 եվրո, իսկ նույն փաթեթի առավելագույն գինը 3 գիշերվա համար՝ 12.829 եվրո: Հիշեցնենք՝ Սիմոնյանի հայտարարագրած հանգստի ծախսը՝ 3100 եվրո, կնոջ դեպքում՝ 1700 եվրո:

Այդուհանդերձ, համեմատելով պաշտոնյայի կնոջ լուսանկարն ու «Santa Marina»-ի կայքում առկա լուսանկարները՝ ենթադրում ենք, որ ԱԺ նախագահի վերցրած սենյակն ամենաէժան տարբերակներից չի եղել:

Սակայն անկախ ամեն ինչից՝ պաշտոնյայի ու նրա կնոջ հայտարարագրած գումարի մեջ տրամաբանորեն չի տեղավորվում բիզնես դասի օդանավով թռիչքի արժեքը: Նույնը, բնականաբար, վերաբերում է Հրաչյա Հակոբյանին ու Էդուարդ Աղաջանյանին, որոնք, ինչպես ասվեց, 2021 թ. հանգստի ծախս չեն հայտարարագրել:

Այս ամենը եւս մեկ անգամ հուշում է, որ հիմնավոր է կասկածն առ այն, որ «Bombardier Challenger 850» բիզնես դասի ինքնաթիռը 2021 թ. սեպտեմբերի 5-ին վերոնշյալ անձանց փոխադրման ծառայություն է մատուցել ուրիշի հաշվին, ինչը պետք է ընկալվի որպես նվեր, որի ընդունումն արգելված է օրենքով (անշուշտ, չպետք է մոռանալ նաեւ կեցության ծախսերի մասով նվեր ընդունելու հավանականության մասին, որի մասին եւս բարձրաձայնվել է, սակայն պաշտոնական հերքում չի եղել):

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ