ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը եվրոպական երկրներ իր աշխատանքային այցի շրջանակներում նոյեմբերի 9-ին Եվրոպական խորհրդարանում հանդիպումներ է ունեցել ԵԽ պատգամավորներ, Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչևի, Հայաստանի հետ Եվրոպական խորհրդարանի բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասի և Սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի անդամ Ռոբերտ Հայշելի հետ, ով հանդիպմանը մասնակցում էր քաղաքական խմբի ղեկավարության անունից։ Այս մասին հայտնում են ՀՅԴ-ից:
Հիշյալ հանդիպումների ընթացքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը բարձրացրել է Ադրբեջանի կողմից 2020 թ․ սանձազերծված պատերազմի հետևանքների վերացման անհրաժեշտությունը, խոսել ադրբեջանական վերջին ագրեսիան հասցեական դատապարտելու, Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ԵՄ ղեկավար կառույցների կողմից հակամարտող կողմերի միջև հավասարություն դնելու քաղաքականությանը վերջ տալու անհրաժեշտության մասին։
Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներին՝ Տեր-Խաչատուրյանը կարևորել է Արցախի անկլավացման բացառումը և նկատել, որ այդ գործընթացը չպետք է սպառնա Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը, և դրա արդյունքում Արցախը չի կարող համարվել Ադրբեջանի մաս, որպիսին երբեք չի եղել անկախ Ադրբեջանի պատմության մեջ։
Հակոբ Տեր-Խաչատուրյանը եվրոպացի գործընկերներին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործում ՀՀ իշխանությունների մոտեցումների անընդունելի լինելը՝ հատկապես երբ դրանք ուղեկցվում են Հայաստանին պարտադրվող նախապայմաններով։
Առանձնապես կարևորվել է ՀՅ Դաշնակցության արտաքին հարաբերությունների առավել զարգացման անհրաժեշտությունն ինչպես համաեվրոպական մակարդակում՝ ի դեմս Եվրոպայի սոցիալիստական կուսակցության և Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի հետ համագործակցության, այնպես էլ եվրոպական երկրներում գործող սոցիալիստական կուսակցությունների հետ հարաբերությունների հաստատման ուղղությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը