Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանն ապակառուցողական է, պայմանավորվածությունները դրժում է և մեղադրում է հայկական կողմին։ Ասել է, որ Ադրբեջանը եռակողմ պայմանավորվածությունները խախտել է թե՛ գերիների մասով, թե՛ նոյեմբերի 9-ին գտնվող դիրքերից առաջ չգալու մասով, ուզում է ցեղասպանել արցախցիներին և այլն։ Փաշինյանի այսօրվա հռետորաբանության մասին խնդրեցինք մեկնաբանել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանից, ինչին ի պատասխան ասաց․ «Դժվար է մեկնաբանել այն ամենի մասին, ինչի մասին կոկորդներս պատռել ենք արդեն 2 տարի»։
«Համացանցում երկար տարիներ պտտվում է կարճ մի տեսանյութ․ Երևանի կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանի հայտնի արտահայտությունը՝ «Տո անասո՜ւն, բա էս անասունին առաջին պլան կբերե՞ն»։ Իրականում Նիկոլ Փաշինյանի էսօրվա խոսքերնընթերցելիս այդ արտահայտությունը հիշեցի։ Լավ, եթե այդ ամեն ինչը կար և Նիկոլ Փաշինյանը խոսում է դեպքերի մասին, որոնք այսօր կամ երեկ չեն եղել, ամիսներ շարունակ, շուրջ երկու տարի է, այդ «խաղաղության» դարաշրջան, «խաղաղության» պայմնագիր ստերը ո՞նց են փորձում մեր ժողովրդի ականջներին կախել։
Չգիտե՞ր, որ Խծաբերդի դեպքը 2020-ի դեկտեմբերին է եղել և 2021-ի ընտրություններին փորձում էր հայ ժողովրդին համոզել, թե՝ խաղաղություն են բերում։ Կամ՝ Ադրբեջանն ինչ է պլանավորում, ինչ է ծրագրում անել,այդ ամենը հայտնի չէ՞ր։ Պարզապես ստախոս մարդու ասածի և «հետո»-ի ծրագրերի մասին դժվար է կարծիքներ կազմել, որովհետև անհնար է տրամաբանության մեջ հասկանալ։ Եթե իրոք այդպես էր, և Ադրբեջանը ագրեսիվ քաղաքականություն էր վարում, բա Արարարատ Միրզոյանը մի քանի օր առաջ Բայրամովի հետ հանդիպմանը բերանը ինչի՞ վրա էր բացել և ի՞նչ հույսերի մասին է, որ այդքան հապշտապ խոսում էին Վաշինգտոնում հանդիպումից հետո։ Չէ՞ որ, ի սկզբանե հայտնի էր, որ Ադրբեջանը Հայաստանի փափուկ դիրքորոշմանը չի պատասխանելու նման կեցվածքով և շատ ավելին է պահանջելու ինչպես հիմա է տեղի ունենում և անցնող ամիսներին ու երկու տարիներին է տեղի ունեցել։
Տրամաբանության մեջ դժվար է մեկնաբանել այն ամենի մասին, ինչի մասին որ կոկորդներս պատռել ենք արդեն 2 տարի։ ՔՊ-ի պատգամավորները, որ մեզ հակադարձում էին ամեն վայրկյան, երբ ասում էինք՝ Ադրբեջանը սա է, թշնամին սա է, փոխարենը մի արհեստական թեզ էին շրջանառում՝ «խաղաղության պայմանագիր» և «խաղաղության դարաշրջան», հիմա դրա պատասխանը ո՞նց են տալու։ Թեև այդ հարցերն իրենց էլ ենք տալու․ գալու է ժամանակը, նույն ՔՊ-ի պատգաավորներին ասելու ենք՝ դուք խաբել եք սեփական ժողովրդին, դուք մոլորեցել եք սեփական ժողովրդին»,-ասաց Գեղամ Մանուկյանը։
Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաև Փաշինյանի հետևյալ արտահայտությանը, թե՝ Ադրբեջանն ուզում է ցեղասպանության ենթարկել Արցախի հայությանը։
«44-օրյա պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարցազրույցներում խոսում էր Թուրքիայի ցեղասպան քաղաքականության մասին, խոսում էր 1915 թվի ցեղասպանությունը շարունակելու մասին, դրանից ամիսներ հետո որտեղի՞ց բուսնեց հայ-թուրքական երկխոսությունը։ Երբ Թուրքիայում կատուն ընկնում էր մեքենայի տակ, Հայաստանի իշխանական ամբողջ խմբակցությունը սկսում էր ցավակցել ու դրական մեսիջների մասին էր խոսում Թուրքիայի հետ։Հիմա այլևս հռետորաբանությունը փոխվել է, նույն այդ վայրիվերումներն են՝ ամեն վայրկյան քաղաքական դիրքորոշում փոխելով, իրարամերժ, հակասականքաղաքկանություն ու խոսույթ օգտագործելով»,-ասաց Գեղամ Մանուկյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը