168.am-ը գրում է
Խորհրդարանում քննարկվում է 2023թ. պետական բյուջեի նախագիծը։ Քննարկումները հիմնականում անցնում են ծույլ, անդեմ մթնոլորտում։ Խորհրդարանական դինջ քննարկումների մասին պատմող լրահոսը, սակայն, բավական աշխույժ է․ այսինչ նախարարության ծախսերն ավելացել են այսքան միլիոն դրամով, այնինչ գերատեսչության ֆինանսավորումը բարձրացվել է այսքան տասնյակ միլիոնով, ուժային այսինչ կառույցի պարգևավճարները կազմելու են այսքան հարյուր միլիոն դրամ…
Մի խոսքով, իշխանությունը, առանց որևէ ձևականության, իր քիմքին հաճո ծախսում է հանրային միջոցները՝ պետական կառավարման համակարգի ֆինանսավորումն ավելացնելով այդ նույն հանրության եկամուտների աճի հետ աղերս չունեցող չափերով։
Խնդիրն այն չէ, որ պետական համակարգի ֆինանսավորումը չպետք է ավելանա, ինչպես ցանկացած օրգանիզմ, այն ևս դինամիկ համակարգ է և պահանջում է միջոցներ։ Հարցը, սակայն, միանգամայն այլ հարթությունում է։ Ինչի՞, ի՞նչ որակի ծառայությունների համար է հասարակությունը լռելյայն համաձայնում հսկայական միջոցներ հատկացնել պետական կառավարման համակարգին։ Վերջինի աշխատանքի որակի մասին ցանկացած խոսակցություն առնվազն ծիծաղելի է։
Պետական կառավարման համակարգն աշխատում է առավելապես իներցիոն ռեժիմով, անիմաստ բյուրոկրատիայի պայմաններում՝ որպես հիմնական նպատակ հետապնդելով ոչ թե հանրությանը, այլ զուտ իշխանությանը ծառայություն մատուցելը։ Եվ մատուցում է։ Ոստիկանությունն ու ուժային մյուս մարմինները Նիկոլ Փաշինյանի ու մնացյալ պաշտոնյաների անվտանգությունն ապահովում են գերգերագույն ռեժիմով, կարմիր բերետավորները սամասուդ են անում իշխանությանը ոչ հաճո ցանկացած մեկի, դատախազական համակարգը դարձել է Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման գրասենյակը, նրանից հետ չի մնում դատական իշխանությունը։
Մի խոսքով, Հայաստանում իշխանության բոլոր թևերն ու մարմինները ծառայում են Նիկոլ Փաշինյանին պալատական ներքինիի նախանձախնդրությամբ։ Բայց այդ ծառայությունների համար, սովորության համաձայն, վճարում է ոչ թե Նիկոլ Փաշինյանն անձամբ, այլ քաղաքացին՝ հանրությունը՝ պետական բյուջետային միջոցներից։
Ընդ որում, սա այն նույն հանրությունն է, որի համար «թալան», «կոռուպցիա» արտահայտությունները հոգեներգործուն ազդեցություն ունեն, երբ այդ մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը։ Բայց այդ նույն հանրությունն այսօր լուռ ու անտրտունջ հետևում է իր իսկ միջոցների բացահայտ թալանին, պետության թալանին, որը ձևակերպվում է «բյուջետային ծախսերի դասակարգչի ենթակետի հավելվածի աղյուսակի․․․» անհասկանալի ձևակերպումներով։ Բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում։
Նիկոլ Փաշինյանը բառացիորեն թալանում է հասարակությանը՝ իր իշխանությունը պահպանելու ու այն պետական կառավարման համակարգին վճարելու համար, որի արձանագրած ամենաշոշափելի արդյունքն Արցախի մեծ մասի հանձնումն է ու հազարավոր զոհերը։ Այդ թալանը տեղի է ունենում ուղիղ եթերում, խորհրդարանի շենքում՝ հասարակության կատարյալ անտարբերության պայմաններում։
Հայաստանի իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հասարակությանը չի մատուցում իր սահմանադրական առաջնային պարտավորությունից բխող ծառայությունը՝ անվտանգության ապահովումը։ Նորմալ պետությունում ոչ թե հասարակությունը պետք է վճարի նման իշխանությանը, այլ հակառակը՝ իշխանությունը պետք է փոխհատուցի հանրությանը՝ իրեն պատվիրակված ծառայության մատուցումը կատարելապես տապալելու համար։
Վճարումը, կրկին նորմալ երկրներում, կատարվում է ոչ թե փողով, այլ իշխանությունից հեռանալով։ Հայաստանի ու նորմալ երկրների տարբերությունն ահա, ի թիվս այլնի, արտահայտվում է այս ցցուն հակասականությամբ․ հասարակությունը վճարում է նրան, ով պարտք է իրեն։ Ողբերգականն այն է, որ սա նույն հասարակությունն է, որի անդամների զգալի մասն իրեն 1000 դրամով խաբողին պատրաստ է ենթարկել լինչի դատաստանի, բայց անհաղորդ է, երբ խաբեության ծավալները հասնում են հարյուրավոր միլիոն դրամների։ Մասշտաբի խնդիր է, փաստորեն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը