Ադրբեջանի նախագահը բավականին կոշտ ելույթ է ունեցել, որով, ըստ էության, Հայաստանի հետ գործընթացը մտցնում է փակուղի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Շանտաժ, ուժի կիրառման սպառնալիք և ցանկացած գնով իր ռազմավարական նպատակներին հասնելու չհիմնավորված հավակնություններ։
Թվում է թե Ալիևն այս մասին հաճախ է խոսում, սակայն սա այն դեպքերից է, երբ խոսքում հստակ երևում է պահանջները, ակնկալիքները ու դրան հասնելու քայլերի հաջորդականությունը։
ՀՀ իշխանության «խաղաղության օրակարգը» վաղուց սպառվել է, հասարակությանը տված խոստումը տապալված, իսկ իշխանության ղեկին գտնվողները երկրի գլխին կախված նոր վտանգները չեզոքացնելու և իրադրությանը համահունչ գործելու որևէ լուրջ, առարկայական քայլ չեն ձեռնարկում։
Նոր փորձություններին Հայաստանը դիմավորում է պարտվածների խմբակով, համատարած անտարբերության և հասարակությանը մոլորեցնելու, ստելու իշխանական քարոզչությամբ»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը