ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, հանդես է գալիս մամուլի ասուլիսով և անդրադառնում Հայաստանի ներկայիս վիճակին, անվտանգային խնդիրներին, արտաքին ահրաբերություններին և այլ թեմաների: Նախագահը նաև անդրադարձավ հարցին, թե ինչ պետք է անել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:
Առաջին կետով ՀՀ երկրորդ նախագահը նշում է, որ պետք է հանրային կոնսոլիդացիա լինի, որովհետև այն ուղղակի անհրաժեշտ պայման է: Երկրորդ կետով Ռոբերտ Քոչարյանն առանձնացնում է բանակը, որով ըստ նախագահի՝ պետք է լրջորեն զբաղվել:
«Մենք երկու տարի է լսում ենք ռեֆորմների մասին, վերջում ծնվեց 24 միլիոն դրմով բանակից ազատելու գաղափարը, ինչն ուղղակի քայքայիչ է բանակի համար: Այստեղ կան բազմաթիվ քայլեր, որոնք կարելի է անել: Վերջին իրադարձությունների հետ կասեմ հետևյալը՝ ինձ համար հասկանալի չէ այն կորուստների հարաբերակցությունը, որը մենք ունեցանք: Այդպիսի հարաբերակցություն չպետք է ունենայինք, եթե զինվորը պաշտպանված լիներ:
Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու մենք երկու տարվա ընթացքում չենք կառուցել լուրջ բնագիծ Հայաստանի սահմաններում, միայն հենակետերով, որի մի երկուս-երեքը նորմալ կահավորել են նկարել, ցույց տալու համար, մնացածն անմխիթար վիճակում են:
Ասում են՝ փող ունենք, ինչո՞ւ մենք չենք կառուցել այնպիսի բնագիծ, որը լուրջ զսպող հանգամանք կլիներ հակառակորդի համար: Չկա բնագիծ, որը հնարավոր չէ ճեղքել, բայց բնագիծը նրա համար է, որ մեծ կորուստներ հասցնեն թշնամուն, ժամանակ շահեն: Ինձ համար ավելի քան երկու-երեք անգամ ավելի մեծ կորուստներ ունենալ պաշտպանության մեջ, նշանակում է մեկ բան՝ որևէ դաս չենք քաղել 44-օրյա պատերազմից հետո: Երկու տարի անց ինչո՞ւ մենք չունենք հարվածային անօդաչու սարքեր: Հայտարարել ենք, որ փող ունենք և մի հավատացեք, որ հնարավոր չէ զենք առնել: Մենք զենք գնում էինք և՛ Ռուսաստանից, և՛ Եվրոպայից, և՛ Չինաստանից ու այլ տեղերից, սա խնդիր չէ:
Գիտե՞ք՝ Ադրբեջանը պատերազմը սկսել է ոչ թե նրա համար, որ ինքը շատ ուժեղացել է, այլ սկսել է լավ իմանալով, որ մենք ենք շատ թուլացել: Սա է եղել պատերազմը սկսելու հիմնական պատճառը»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը