27 08 2022

Դուք անձամբ պատասխանատու եք տարածքային կորուստների համար. Սաղաթելյանը՝ իրավապահ մարմինների ղեկավարներին

Դուք անձամբ պատասխանատու եք տարածքային կորուստների համար. Սաղաթելյանը՝ իրավապահ մարմինների ղեկավարներին

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իրավապահ մարմինների ղեկավարներին համարում է Բերձորի, Աղավնոյի, Սուսի եւ հայկական այլ բնակավայրերի ու տարածքների հանձնման պատասխանատու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Իշխան Սաղաթելյանը։ 

Նա, մասնավորապես, գրել է․ 

«ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, ոստիկանապետ Վահե Ղազարյանին, քննչական ծառայության պետ Արգիշտի Քյարամյանին, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին

Դուք անձամբ պատասխանատվություն եք կրում Բերձորի, Աղավնոյի, Սուսի եւ հայկական այլ բնակավայրերի ու տարածքների հանձնման համար: Դուք եղել եւ շարունակում եք մնալ Նիկոլի իշխանության միակ հենարանն ու պահապանը: Դուք այլեւս չեք կարող ասել «ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը». դուք ծառայում եք այս հակահայ իշխանությանը եւ երկրում բռնապետություն հաստատելու գործին: Հետեւաբար անձամբ պատասխանատվություն եք կրում այս կորուստների համար:

Բայց ասեմ` դեռ ուշ չէ: Խելքի եկեք: Ձեզ մի դասեք էդմոնմարուքյանների, ալենսիմոնյանների շարքին: Դուք պատասխանատվություն եք կրելու սերնդների առջեւ:

Սիրելի հայրենակիցներ, վերջին այս իրադարձությունների հետ կապված հուսահատությունը, հիասթափությունն ու անզորության զգացողությունը հասկանալի է: Բայց այս իրողության հետ չի կարելի համակերպվել: Մենք պետք է շարունակենք մեր պայքարը: Հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն մեր սերնդների»։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ