15 07 2022

Ինչի՞ համար էին կալանավորել Արմեն Գրիգորյանին և ինչո՞ւ էին արգելել տեսակցությունները

Ինչի՞ համար էին կալանավորել Արմեն Գրիգորյանին և ինչո՞ւ էին արգելել տեսակցությունները

Այսօր ընդհանուր իրավասության դատարանում նիստի ժամանակ մահացավ կալանքի տակ գտնվող պրոդյուսեր, հասարակական գործիչ Արմեն Գրիգորյանը: Նշենք, որ դատական նիստի ժամանակ, երբ փաստաբան Ռուբեն Մելիքյանը ներկայացնում էր պաշտպանական կողմի փաստարկները, Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ և նա գիտակցությունը կորցրեց:

Հշեցնենք, որ ԱԱԾ-ն Արմեն Գրիգորյանին ձերբակալել էր մայիսի 17-ին: Ըստ հաղորդագրության՝ համացանցում և զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են «Հայելի» ակումբում և այլ տեղերում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կողմից տրված հարցազրույցները, որոնց ժամանակ նա հրապարակայնորեն նվաստացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը և մտացածին գաղափարներով կասկածի տակ դրել նրանց էթնիկ ծագումնաբանությունը:

Նշենք, որ խոսքը գնում էր մեկ տարվա վաղեմության տեսանյութերի մասին, որոնք այդ օրերին ակտիվորեն շրջանառվում էին տարբեր հարթակներում: Իսկ այդ օրերին հանրապետության ամբողջ տարածքում մեկնարկել էին դիմադրության գործողություններ, անհնազանդության ակցիաներ, Արմեն Գրիգորյանն էլ ակտիվորեն մասնակցում էր և քննադատում օրվա իշխանություններին:

Մեկ տարվա վաղեմության տեսանյութերը հիմք ընդունելով ԱԱԾ-ն հատուկ միջոցառումներ էր ձեռնարկել Գրիգորյանին ձերբակալելու համար՝ դիմակավորված անձինք, ձեռնաշղթաներ: Փերբակալումից անմիջապես հետո մեծ արագությամբ տեղի ունեցավ նաև կալանքի միջնորդության քննությունը և արդեն մայիսի 18-ին Արմեն Գրիգորյանը կալանավորվեց: Նրան կալանավորելու որոշում էր կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը:

Վճիռը բողոքարկելուց շուրջ մնեկ ամիս անց տեղի ունեցավ վերաքննիչ դատարանի նիստը և կալանքը մնաց անփոփոխ:

Պրոդյուսերի պաշտպաններից Ռուբեն Մելիքյանը նշում էր, որ Գրիգորյանին վերագրվող արարքը Քրեական օրենսգրքով որպես հանցանք նախատեսված չէ, ուստի բացակայում է հիմնավոր կասկածը: Կալանավորման ողջ ընթացքում արգելված էր Արմեն Գրիգորյանի մոտ տեսակցությունները, իսկ պաշտպանական կողմի կողմից մշտապես բարձրաձայնված առողջական խնդիրները մնացել են անարձագանք:

Իսկ հուլիսի 3-ին էլ արդեն գործը մտել է դատալսումների փուլ, նախագահող դատավոր էլ նշանակվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Առաջին դատական նիստը այսօր էր, որը մեկնարկել էր խափանման միջոց կալանքը փոխելու հարցի քննությամբ:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ