13 06 2022

Վաղը կներկայացնենք անելիքները, որը շարժմանը նոր լիցք և ուժ տալու ծրագիրն է. Իշխան Սաղաթելյան․ News.am

Վաղը կներկայացնենք անելիքները, որը շարժմանը նոր լիցք և ուժ տալու ծրագիրն է. Իշխան Սաղաթելյան․ News.am

NEWS.am-ը գրում է․ Ֆրանսիայի հրապարակում վաղը կայանալիք «Դիմադրություն» շարժման հանրահավաքին ներկայացվելու են առաջիկա անելիքները, շարժումն ընդլայնելու ծրագիրը, ինչպես նաեւ արձանագրվելու են այս ժամանակահատվածում ունեցած ձեռքբերումները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Ես հանրահավաքներից մեկի ժամանակ ասել էի, որ այս թեմայով ակտիվ քննարկումներ ենք սկսել շարժման մաս կազմող ուժերի, անհատների հետ։ Այդ պրոցեսն ավարտել ենք, բոլոր տեսակետները ամբողջացրել ենք, վաղը կներկայացնենք ընդհանուր անելիքները, որը կարծում ենք՝ շարժմանը նոր լիցք եւ ուժ տալու ծրագիրն է։

Շարժումը դադար է առնելու միայն այն օրը, երբ ընդհանուր նպատակին հասած կլինենք։ Այսինքն՝ կկանխենք Հայաստանի նոր կապիտուլյացիան եւ կհեռացնենք օրվա իշխանությանը։ Փողոցային պայքարը, շարժումը դադարեցնելու, հանգստանալու որեւէ այլ տարբերակ շարժումը սկսելու օրվանից հետո չենք քննարկել։

Ստեղծված իրավիճակը, բազմաթիվ հանգամանքները, ձեռքբերումները եւ բացթողումները գնահատելով՝ շարժումը տանելու ենք առաջ. փողոցային պայքարը երբեք չի դադարելու, բայց պայքարում փոփոխություններ կլինեն»,– ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նշենք՝ վաղը՝ հունիսի 14–ին, ժամը 19։30–ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենալու «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ