Fip.am-ը գրում է
«Վերջին 1 տարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը, միանգամից 4 ընկերությունների տնօրեն է նշանակվել։
Արմեն Փաշինյանը Հայաստան է տեղափոխվել 2018 թ. հեղափոխությունից հետո։ Մինչ այդ նա ապրում էր Ռուսաստանի Դաշնությունում։
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ նախորդ տարվա ապրիլի 9-ին Արմեն Փաշինյանը դարձել է միանգամից երկու՝ «Գոու թրեյդ» և «Մինա-Մայա» ընկերությունների տնօրենը։
«Գոու թրեյդ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2018 թվականի հեղափոխությունից շաբաթներ անց՝ հունիսի 14-ին։ Ըստ Պետեկամուտների կոմիտեի՝ ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների վարձույթով և լիզինգով։
Այս ընկերության վերաբերյալ գրեթե ոչինչ հնարավոր չեղավ գտնել բաց աղբյուրներից, սակայն ըստ ՊԵԿ-ի՝ ընկերությունը 2019 թվականին աշխատել է վնասով։ Ընկերության հիմնադիրը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն է, տնօրենը՝ Ազգային ժողովում վերջինիս օգնական Հռիփսիմե Բոչոլյանն էր, որը 2017-ին նաև նույն կուսակցության ցուցակով մասնակցում էր ԱԺ ընտրություններին։
Հաջորդ տարի՝ 2019-ին, Խաչատուր Քոքոբելյանի փոխարեն ընկերության 100 տոկոս բաժնետեր է դարձել վերջինիս եղբոր կինը՝ Մերի Հակոբյանը։ Իսկ տնօրենի պաշտոնում նշանակվել է Տիգրան Գևորգյանը։
2021 թ․ ապրիլի 9-ին ընկերության տնօրեն է նշանակվում Արմեն Փաշինյանը։
Ա․ Փաշինյանի ղեկավարած մյուս՝ «Մինա-Մայա» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին։ Ընկերությունը շահագործում է Եղեգիս գետի վրա կառուցված «Եղեգնաձոր» և «Եղեգնաձոր ՓՀԷԿ-1» ՓՀԷԿ-ները։ 2008 թվականից՝ Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց մեկ ամիս անց, ընկերության բաժնետերերը փոխվում են, և 50 տոկոս բաժնեմասի սեփականատեր է դառնում Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդրի որդին՝ Նարեկ Սարգսյանը։ Մյուս 50 տոկոսի բաժնետերը Գրիգոր Առաքելյանն է։
Թավշյա հեղափոխությունից հետո՝ 2019-ին, ընկերության 100 տոկոս բաժնեմասերը ձեռք է բերում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի եղբայր, 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Մենք» դաշինքի ցուցակով առաջադրված թեկնածու Վաչիկ Քոքոբելյանը։ Ընկերության տնօրեն է նշանակվում նույն Տիգրան Գևորգյանը, որը զբաղեցնում էր նաև «Գոու թրեյդ» ընկերության տնօրենի պաշտոնը։
Ինչպես «Գոու թրեյդի», այնպես էլ «Մինա-Մայայի» դեպքում նախորդ տարվա ապրիլի 9-ին Տիգրան Գևորգյանի փոխարեն տնօրենի պաշտոնը ստանձնում է Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը