ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամն Մանուկյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է Պռոշյան–Դեմիրճյան փողոցում հունիսի 3-ին ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախմանը։ Գրառման մեջ ասվում է․
«Այսօր նիկոլի նյարդերը չդիմացան, և դիմեց բռնի գործողությունների և սադրանքների: Տեսնելով «Դիմադրություն» շարժման վերելքը, հասկանալով, որ մարդիկ չեն ընկրկում, իշխանական պարզունակ սադրանքներն ու ապատեղեկատվությանը չեն ենթարկվում, երբ օր-օրի հազարավոր մարդիկ են միանում շարժմանը, երբ այլևս փաշինյանը փախստական է մեր երկրում՝ Կառավարական կեցավայրի մոտ Ոստիկանությունը դիմեց զանգվածային սադրանքի:
Իրականությունը մեկն է. խաղաղ բողոքի ակցիան Կառավարական առանձնատներից պատրաստվում էր շարժվել Ֆրանսիայի հրապարակ՝ պահանջելով բացել Դեմիրճյան փողոցը: Հատուկ պատրաստված, վահաններով և զրահաբաճկոններով ոստիկանական ուժերը նախ բռնի կերպով հարձակվեցին մարդկանց վրա, ապա գործի դրվեցին չարաբաստիկ լուսաձայնային հրթիռները:
Ոստիկանները, ոչ պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում, առաջին հերթին վնասեցին հենց իրենց ծառայակիցներին. հրթիռների մի մասը պայթեց ոստիկանների շարքերում, ինչի արդյունքում էլ մի քանի ոստիկան ստացել է բեկորային վնասվածքներ:
Այնուհետ, զանգվածային դաժան ծեծի և բռնությունների կիրառմամբ՝ ոստիկանական տարբեր ստորաբաժանումներ, չհամագործակցելով իրար հետ, գործողություններ իրականացրին քաղաքացիների նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, բերման ենթարկելով մի քանի տասնյակ քաղաքացու:
Հիմա իշխանական և ոստիկանական քարոզչամեքենան անցել է գործի, որպեսզի սքողեն իրենց վայրագությունները. շարունակում են ապատեղեկատվություն և կեղծ լուրեր տարածել՝ թիրախավորելով «Դիմադրություն» շարժման առաջնորդներին և, առաջին հերթին, Իշխան Սաղաթելյանին:
Կրկնում եմ հատուկ իշխանական քարոզչամեքենայի և ապատեղեկատվության տարածողների համար. «Դիմադրություն» շարժման այսօրվա երթի նպատակը խաղաղ բողոքի քայլերթ իրականացնելն էր և վերադարձը դեպի Ֆրանսիայի հրապարակ: Կեղծ է այն պնդումը, թե շարժումը, Դեմիրճյան փողոցով անցնելիս, պատրաստվում էր ինչ-որ գործողություն իրականացնել Ազգային ժողովի մոտ: Ընդդիմությունն այսօր Ազգային ժողովում էր, որտեղից բուն ազգային հարցերի շուրջ քննարկումից և նիստից փախել էր իշխանական խմբակցությունը:
Սա է նիկոլի ոստիկանապետությունը, սա է իշխանությունն ամեն գնով, երկրի քաղաքացիների արյան գնով պահելու՝ նիկոլի մարմաջը:
Մենք Հայաստանն ու Արցախն ենք պահելու, երկիրը թշնամուն հանձնողին այսպես փախեփախ հեռացնելու ենք:
Չենք ընկրկում: Պայքարը շարունակում ենք մինչև վերջ. առանց նիկոլ ՀԱՅԱՍՏԱՆ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը