30 05 2022

Ադրբեջանը սողացող ձևով նվաճում է Սյունիքի մարզը. Վարուժան Գեղամյան

Ադրբեջանը սողացող ձևով նվաճում է Սյունիքի մարզը. Վարուժան Գեղամյան

Ադրբեջանը սողացող ձևով (անաղմուկ և մանր քայլերով) նվաճում է Սյունիքի մարզը՝ նորանոր տարածքներ վերցնելով փաստացի իր ԶՈՒ վերահսկողության տակ։ Այս մասին իր Տելեգրամ ալիքում գրել է պատմական գիտությունների թեկնածու,  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Զուգահեռ այնտեղ կատարում է ամրաշինական աշխատանքներ՝ հիմք ստեղծելով հաջորդական հարձակումների համար։ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռ. Թայիփ Էրդողանն գրեթե ամենօրյա ռեժիմով անթաքույց կերպով խոսում են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի հանդեպ իրենց հավակնությունների մասին՝ փաստացի նպատակ հետապնդելով վերացնել հայկական պետականությունը (առնվազն այն տարածքում, որում այն կա այսօր)։

Այս փաստացի պատերազմական գործողություններին ի պատասխան ՀՀ դե ֆակտո իշխանությունը դիմում է «միջազգային հանրություն» գոյություն չունեցող կողմին, որպեսզի վերջիններս «գնահատական» տան Ադրբեջանի թշնամական գործողություններին ու նորից խոսում «զորքերի հայելային հետքաշում» անհեթեթության մասին, որի պատճառով մենք արդեն իսկ կորցրել ենք նոր բնակավայրեր 2020 թ. նոյեմբերից հետո։ Այլ բառերով՝ թշնամին իրականացնում է սողացող պատերազմ՝ դա կոչելով «խաղաղության օրակարգ», իսկ հայ ժողովրդի անվտանգությունը ապահովելու առաջնային պարտավորություն ունեցող դե ֆակտո թուրքամետների իշխանությունը կապիտուլիանտի գլխավորությամբ մեր անվտանգությունը հանձնում է «միջազգային հանրության» բարեգթությանն ու ոչ մի խոսք ու գործողություն չի անում դիմադրելու, պաշտպանվելու պատրաստակամության առումով։

Վերևում նկարագրվածը իրականություն է ոչ թե այն պատճառով, որ սա միակ հնարավոր տարբերակն է այս պահին (ինչպես քարոզում են ամեն օր), այլ այն պարզ պատճառով, որ մենք դեռ հանդուրժում ենք այս կապիտուլիանտ իշխանությունը՝ հանձնելով հայրենիքը։

Ու ոչ մի արդարացում, թե ինչու պայքարի դուրս չենք գալիս, այլևս չի աշխատում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ