26 05 2022

«Մազդայի» անիվներին հարվածած ցուցարարը ձերբակալվել է, իսկ ցուցարարին վրաերթի ենթարկածն ազատության մեջ է. 168.am

«Մազդայի» անիվներին հարվածած ցուցարարը ձերբակալվել է, իսկ ցուցարարին վրաերթի ենթարկածն ազատության մեջ է. 168.am

168.am-ը գրում է.

Մայիսի 23-ին տեղեկություն ստացվեց, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ՝ Երևան քաղաքի Մոլդովական և Թոթովենց փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանության հանցակազմ.- Գ.Ս.) հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել էր, որ 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մոլդովական և Թոթովենց փողոցների խաչմերուկում տեղի ունեցած հավաքի ընթացքում վերջիններս, մի խումբ անձանց հետ, անտեսելով նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանների՝ պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու օրինական պահանջները, սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, ուղղակի դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը. հայհոյել և վիրավորել են պատահական անցորդներին, խոչընդոտել և արգելել են փողոցի երթևեկելի գոտով երթևեկող ավտոմեքենաների երթևեկությունը՝ ձեռքերով և ոտքերով հարվածելով «Մազդա» մակնիշի ավտոմեքենային, իսկ վերոհիշյալ անձանցից մեկը բռնություն է գործադրել դեպքին միջամտած երիտասարդի նկատմամբ՝ իր ձեռքում գտնվող հեղուկով լի տարայով հարվածելով վերջինիս դեմքին և պատճառելով մարմնական վնասվածքներ»,- ասված էր ՔԿ հաղորդագրության մեջ:

Ըստ Քննչական կոմիտեի՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին: Բռնություն գործադրած երկրորդ անձը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է: Գործով նախաքննությունը շարունակվում է:

Եթե կարճ ամփոփենք ՔԿ տարածած հուզիչ հաղորդագրությունը, ակցիայի մասնակիցը հայհոյել է մարդկանց, ոտքերով խփել ավտոմեքենային անիվներին ու ձեռքի պլաստիկե տարան շպրտել ինչ-որ մեկի ուղղությամբ, ով դրանից մարմնական վնասվածքներ է ստացել:

Ինչ խոսք, արգահատելի արարք է ու հավանաբար տեղավորվում է խուլիգանության հանցակազմի տրամաբանության շրջանակներում:

Սակայն, չգիտես՝ ինչու, նույն խուլիգանության և պաշտոնեական դիրքի չարաշահման տրամաբանության մեջ չտեղավորվեց, օրինակ, Քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցած դեպքը, երբ ոստիկանը ջրով լի շիշը շպրտել էր ցուցարարների ուղղությամբ:

Երևի այնտեղ ոչ ոք մարմնական վնասվածքներ չի ստանում. մարմնական վնասվածք ստանում են միայն, եթե շիշը շպրտում է որևէ ընդդիմադիր․․․

Բայց սա այլ քննարկման տիրույթում է:

Մայիսի 18-ին, վերոնշյալ դեպքից մեկ օր անց, անհնազանդության խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկին Կոմիտասի պողոտայում չարամտորեն վթարի էր ենթարկել մի ավտոմեքենա՝ փողոցը փակելու համար:

Մայիսի 19-ին 168.am–ին ոստիկանությունից տեղեկացրել էին՝ մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ ոստիկանության Արաբկիրի բաժնում քաղաքացուց հաղորդում ընդունվել է, նախապատրաստվում են նյութեր: Այլ հարցերի չպատասխանեցին:

Մայիսի 20-ին ոստիկանությունից կրկին հետաքրքրվեցինք՝ հայտնաբերվե՞լ է արդյոք չարամտորեն քաղաքացուն վրաերթի ենթարկած վարորդը: Մեզ պատասխանեցին՝ հայտնաբերվել է, նա դեպքի վերաբերյալ տվել է բացատրություն ու բաց է թողնվել։ Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

Այսօր՝ մայիսի 26-ին՝ մեր վերջին հարցումից ուղիղ 6 օր, իսկ դեպքից 9 օր անց 168.am-ի հարցին ի պատասխան՝ ոստիկանությունից կրկին ասացին՝ նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

 

Ամբողջական նյութը՝ 168.am-ում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ