Այսօր վաղ առավոտից խաղաղ անհնազանդության ակցիաներ էին տեղի ունենում ՀՀ ԱԳՆ շենքի մոտ: «Դիմադրության» շարժման մասնակիցները փակել էին նախարարության բոլոր մուտքերը և նշում, որ այսօր ԱԳ նախարարն ու իր աշխատակազմը չի ներկայացնում Հայաստանի ու Արցախի շահերը:
Ընդդիմադիր պատգամավորներին հաջողվեց մուտք գործել ԱԳՆ շենք, զրուցել փոխնախարար Մնացական Սաֆարյանի հետ, որն այդպես էլ չասաց, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Մի շարք պաշտոնյաներ էլ հանգիստ նստած էին ԱԳՆ շենքի հարակից տարածքում գտնվող սրճարաններից մեկում, մինչև կազատվեին շենքի մուտքերը:
Սրճարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի նախկին քարտուղար, այժմ Արտաքին գործերի նախարարի խորհրդական Վահան Կոստանյանից փորձեցինք ճշտել, թե ինչու չեն փորձել խոսել ակցիայի մասնակիցների հետ, հասկանալ, թե ինչ դժգոհություններ ունեն և ինչ կարող են առաջարկել: Կոստանյանը փորձեց մեղադրել ընդդիմադիր պատգամավրներին, որոնք իբր թե իրենց հարցերի պատասխանները կարող են ստանալ, եթե ներկա լինեն կառավարության հետ հարցուպատասխանին:
Մեր հարցին՝ իսկ իրենք՝ որպես իշխանություն իրենց պարտականությունները հավուր պատշաճի՞ են իրականացնում, ԱԳՆ պաշտոնյան պատասխանեց, որ այո: Ճշտող հարցին էլ՝ եթե հավուր պատշաճի եք ձեր պարտականություններն իրականացնում, ինչո՞ւ են մարդիկ հիմա իրենց դժգոհությունն արտահայտում, Կոստանյանը միայն պատասխանեց, որ քաղաքացիներն իրավունք ունեն իրենց դժգոհությունը հայտնել:
Նաև փորձեցինք հասկանալ Վահան Կոստանյանից՝ ինքը ևս Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմո՞ւմ, ինչպես շատ պաշտոնյաներ, կամ առհասարակ իր կարծիքով՝ ի՞նչ կարգավիճակ ունեն Արցախն ու արցախցին, պաշտոնյան միայն պատասխանեց, որ ՀՀ ԱԳՆ ամենօրյա աշխատանքով փորձում է ապահովել արցախցիների բոլոր իրավունքների ու անվտանգութան երաշխիքները, բայց որևէ կերպ բ պատասխան չտվեց հարցին՝ ինքը ևս Արցախը Ադրբեջանի մա՞ս է համարում, թե՞ ոչ:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը