13 04 2022

Նոր կռիվը Արցախով չի սահմանափակվելու. առավել հավանական է պատերազմի այս շրջափուլը տեղափոխվի Հայաստան. Տիգրան Աբրահամյան

Նոր կռիվը Արցախով չի սահմանափակվելու. առավել հավանական է պատերազմի այս շրջափուլը տեղափոխվի Հայաստան. Տիգրան Աբրահամյան

Այն, որ ռուս-ուկրաինական ճգնաժամը եվրասիական տարածաշրջանում անխուսափելիորեն բերելու էր նոր սպառնալիքների տարափի, ռազմական գործողությունների հենց մեկնարկին էր նկատելի, ֆեյսբուքում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Ռուսաստանի դեմ տարվող միջազգային դիմակայությունը չի սահմանափակվելու պատժամիջոցներով, Ուկրաինային մատակարարվող սպառազինության հսկայական քանակով և ֆինանսական օժանդակությամբ։

Ամեն ինչ արվում է, որպեսզի ՌԴ-ի շուրջ և նրա ավանդական ազդեցության տարածաշրջաններում նոր «թեժ կետեր» ձևավորվեն, եղածները բորբոքվեն։

Սա անկասկած հարվածների այն ձևերից է, որն օգտագործվելու է ՌԴ-ի դեմ։

Հայաստանի ու Արցախի գլխավոր խնդիրն է, որպեսզի այս գործողությունների հետևանքով մենք ՌԴ-մնացածներ բախումների պոլիգոնի չվերածվենք, որի հավանականությունը հատկապես վերջին շրջանում կտրուկ աճել է։

Այս ֆոնին Հայաստանի իշխանության հայտարարությունները, վարքագիծը, վարվող քաղաքականությունը ոչ միայն նկարագրածս իրադարձությունները կանխելու հնարավորություն չի ստեղծում, այլ պարարտ հող է նախապատրաստում նոր էսկալացիայի համար։

Մի կողմից Փաշինյանը հայտարարում է պատերազմի վտանգի մասին, մյուս կողմից իշխող խորհրդարանական խմբակցությունը խայտառակ պահվածք է դրսևորում։

Դեռ չեմ ասում իշխանության նախաձեռնությամբ, առաջին պլան բերված ծաղրածուներին, շոումեններին, ովքեր փորձում են հանրությանը լրիվ այլ օրակարգում պահեն, ձեռքի հետ էլ վարկաբեկեն բոլոր այն քաղաքական և ոչ քաղաքական խմբերին, ովքեր իրական վտանգներից են խոսում։

Սրանք ոչ մի ձև չեն հասկանում, որ նոր կռիվը Արցախով չի սահմանափակվելու, ավելին՝ առավել հավանական է պատերազմի այս շրջափուլը տեղափոխվի ՀՀ, որի դրսևորումները փոքր մասշտաբով արդեն դրսևորվել է Գեղարքունիքի, Վայոց ձորի և հատկապես Սյունիքի ուղղությամբ։

Այս իշխանությունն իր թուլամորթությամբ և պահվածքով միայն մոտեցնում է պատերազմը», - գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ