Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրության մեջ, մայիսի 18-ի առավոտյան դրությամբ, փոփոխություններ չեն արձանագրվել։
ՊՆ-ից հայտնում են, որ իրադրությունը համեմատաբար հանգիստ է, հայկական ԶՈՒ ստորաբաժանումները կանխում են ՀՀ տարածք մուտք գործած ադրբեջանցի զինվորականների թիկունքային ապահովման փորձերը։
Թե՛ Սյունիքի, և թե՛ Գեղարքունիքի մարզերի ամբողջ բնագծերով իրադրությունը լիարժեք վերահսկվում է հայկական զինված ուժերի կողմից։ Նախատեսվում է, որ ստեղծված իրադրության լիարժեք հանգուցալուծման շուրջ բանակցությունները կշարունակվեն վաղը, մայիսի 19-ին։
ՀՀ զինված ուժերը, կարևորելով խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ, պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման, և շեշտում է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ոտնձգությունները բացարձակ անընդունելի են։ Ադրբեջանցի զինվորականները պարտավոր են առանց նախապայմանների լքել Հայաստանի Հանրապետության տարածքը և հետայսու ձեռնպահ մնալ նմանատիպ սադրանքներից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը