ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրագործման հետեւանքով ՀՀ Սյունիքի մարզում առկա եւ հնարավոր խնդիրների բացահայտման եւ օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքից: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը՝
1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների եւ նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարության դրույթների իրագործման հետեւանքով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում առկա եւ հնարավոր խնդիրների բացահայտման եւ օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով:
2. Հաստատել աշխատանքային խմբի կազմը՝ համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին՝ 1) ապահովել աշխատանքային խմբի կողմից վերհանված հարցերի լուծման համար անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերի կազմումը.
2) համապատասխան իրավական ակտերի նախագծերը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ»,- նշվում է ՀՀ վարչապետի որոշման մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը