08 11 2020

Շուշիի պարիսպների տակ և Բերձորում սաստիկ մարտեր են ընթացել, այս պահին էլ ընթանում են. ՊՆ



Իրավիճակը ռազմաճակատում շարունակում է մնալ լարված: Երեկ ողջ գիշեր և այսօր՝ ամբողջ օրվա ընթացքում, ռազմաճակատի տարբեր ուղղություններում մարտերը շարունակվել են: Մարտերը եղել են բավականին ինտենսիվ: Այս մասին ասուլիսին հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը։

Հյուսիսում թշնամու զորքերը՝ հիմնականում փոքր մարտավարական խմբեր՝ հրետանու կրակի աջակցությամբ, փորձել են հարձակվել մեր դիրքերի ուղղությամբ, սակայն, կորուստներ կրելով, հետ են շպրտվել։

Շուշի քաղաքի մեջ և հարակից տարածքներում՝ պարիսպների տակ, ճանապարհների վրա, որոնք տանում են դեպի Շուշի, մարտերը ողջ օրվա ընթացքում եղել են բավականին սաստիկ, այս պահին էլ որոշակի մարտեր ընթանում են, չնայած ինտենսիվությունը զգալիորեն թուլացած է:

Սաստիկ է եղել նաև Բերձորի ուղղությամբ. թշնամու ուժերը մի քանի անգամ փորձել են ճեղքել և դուրս գալ դեպի Բերձոր՝ հավանաբար փորձելով այդ ուղղությամբ օգնության հասնել Շուշիում կռվող իրենց ստորաբաժանումներին: Բայց, կրելով զգալի կորուստներ, հետ են շպրտվել, ավելին՝ դիմել են փախուստի: 

Այս պահին մարտերն ընթանում են, ընդհանուր իրավիճակը կարելի է համարել բավականին դրական: Մեր զորքերին հաջողվում է թշնամու ուժերին թույլ չտալ որևէ ուղղությամբ զարգացնել հաջողություններ, բայց մարտերն ընթացքի մեջ են: 

«Եկեք Շուշի ներթափանցած զորքերի մարտավարության, խմբաքանակի և այլ մանրամասներ չհայտնեմ: Այսօր ցանցում Ալիևի հայտարարությունից հետո եղել են բավականին տարբեր տրամադրություններ ստեղծող ոչ պաշտոնական հայտարարություններ մեր կողմից: Մեր զորքերը կռվում են անձնուրաց, մեր հրամանատարներից շատերը, նույնիսկ խախտելով մարտավարության կանոնները, տրամաբանությունը, զենքը ձեռքներին, գնում, զորքի կողքին կանգնում ու անձնուրաց կռվում են: Չշտապենք, սպասենք պաշտոնական հաղորդագրություններին, սպասենք Շուշիի ճակատամարտի ավարտին»,- նշեց նա։

Ընդհանուր առմամբ օպերատիվ իրավիճակը իմանալով, ուժերն ու միջոցները, որոնք ներդրված են եղել Շուշին գրավելու համար Ալիևի կողմից, և մեր իրավիճակը հասկանալով՝ հուսով եմ, որ կավարտվի Շուշիի համար ճակատամարտը, որը տևում է արդեն երեք-չորս օր, նշեց ՊՆ ներկայացուցիչը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ