22  10  2019

Հանդիպել են Հայաստանի և Էստոնիայի նախագահները

Հանդիպել են Հայաստանի և Էստոնիայի նախագահները

Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդի հետ:

Երկու երկրների նախագահները խոսել են փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ, համաձայնել, որ ներուժը բավականին մեծ է, եւ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել մի շարք ոլորտներում։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի համար հետաքրքիր եւ օգտակար կարող են լինել տարբեր ոլորտներում Էստոնիայի անցած ճանապարհն ու կուտակած փորձը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստան-Եվրամիություն օրակարգին, մասնավորապես Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը։ Ընդգծելով մարդկանց միջեւ շփումների խթանման անհրաժեշտությունը՝ նախագահ Սարգսյանն այդ համատեքստում կարեւորել է Եվրամիության երկրների մուտքի արտոնագրերի ազատականցման ուղղությամբ աշխատանքների ակտիվացումը։

Նախագահները խոսել են նաեւ երկու երկրների նախագահական կառույցների միջեւ փոխգործակցության, մասնավորապես, փորձի փոխանակման ծրագրերի իրականացման վերաբերյալ։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն արդեն նման ծրագրեր իրականացնում է այլ երկրների հետ։

Էստոնիայի նախագահ Կալյուլայդը հետաքրքրվել է Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող զարգացումների եւ իրավիճակի վերաբերյալ Հայաստանի նախագահի դիրքորոշմամբ։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ պայմանավորված մերձավորարեւելյան տարածաշրջանում պատմականորեն ունեցած կապերով եւ տարածաշրջանում հայ համայնքի ներկայությամբ՝ Հայաստանը մշտապես ուշադրությամբ է հետեւում տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին եւ փորձում է իր նպաստը բերել մարդասիրական նախաձեռնություններին:

Մտահոգություն արտահայտելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ Հայաստանի նախագահն ասել է, որ միջազգային հանրությունը գործուն միջոցներ պետք է ձեռնարկի Թուրքիայի գործողությունները դադարեցնելու եւ Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնություններին եւ նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ