Պաշտնական այցով Թեհրանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի և է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի հետ:
Պարոն Լարիջանին ողջունել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցն Իրան և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ վերջին անգամ Իրանի Մեջլիսում եղել է Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում կատարած այցի շրջանակում, որից պահպանում է ջերմ և հաճելի հիշողություններ:
Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ բարեկամական հարաբերությունները, որոնք շարունակում են զարգանալ փոխըմբռնման մթնոլորտում: Կողմերն անհրաժեշտ են համարել տնտեսական համագործակցության շարունակական ամրապնդումը և այդ գործում կարևորել նաև երկու երկրների խորհրդարանների միջև կապերի ընդլայնումը: Այդ առումով զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների խորհրդարանների բարեկամության խմբերի գործունեության, փոխադարձ այցելությունների, խորհրդարանների հանձնաժողովների մակարդակով հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը և նշել, որ հայ-իրանական հարաբերությունների հետագա ամրապնդմանն իր նպաստն է բերում նաև օրենսդիր մարմինների համագործակցությունը:
Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման արդյունքներից՝ ընդգծելով, որ հայկական կողմը շահագրգռված է իրականացնելու ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես՝ տնտեսական ոլորտում, ինչը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Ալի Լարիջանին իր հերթին ընդգծել է, որ Իրանի խորհրդարանը դրական է տրամադրված հարաբերություններն էլ ավելի ընդլայնելու հարցում: Նրա խոսքով` առկա են փոխգործակցությունը զարգացնելու մեծ հնարավորություններ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Այս համատեքստում նշվել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ստորագրված ազատ առևտրի մասին համաձայնագրի կարևորությունը և փաստաթղթի վավերացումը խորհրդարանների կողմից: Կողմերը կարևորել են նաև զբոսաշրջության և մշակութային ոլորտներում փոխգործակցության խթանումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր։
Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին ողջունել է ՀՀ վարչապետի այցը և նշել, որ տեղեկացվել է Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի բանակցությունների արդյունքներին: Այաթոլլա Ալի Խամենեին իր աջակցությունն է հայտնել հայ-իրանական բազմաոլորտ համագործակցության զարգացմանն ու այդ ուղղությամբ նախատեսվող քայլերին: Նա առանձնակի կարևորել է հայ-իրանական տնտեսական փոխգործակցության ընդլայնումն ու խթանումը:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար` ընդգծելով, որ Հայաստանը շահագրգիռ է բարեկամ Իրանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմամբ ու ընդլայնմամբ: Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին և ժողովրդական հեղափոխությանը:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը տեղեկացրել է, որ ուշադրությամբ հետևել է Հայաստանում խաղաղ և ժողովրդավարական կանոններով տեղի ունեցած գործընթացներին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային տարբեր խնդիրների: Նիկոլ Փաշինյանը և Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին համակարծիք են եղել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը