15 07 2023

Արցախից հերքում են Ադրբեջանին

Արցախից հերքում են Ադրբեջանին

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ համապատասխան ստորաբաժանումները պարբերաբար ճնշում են Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը, ինչի հետևանքով  ստեղծվում է լուրջ սպառնալիք թռիչքների անվտանգությանը, բացարձակ կեղծիք է, այս մասին հաղորդում են Պաշտպանության բանակից:

«Ադրբեջանի ՊՆ֊ն հայտարարում է, թե իբր վերջին նման միջադեպն արձանագրվել է հուլիսի 13-ին, երբ ՊԲ համապատասխան ստորաբաժանման ռադիոճնշման հետևանքով խափանվել են ժամը 11։54-12։07 Զանգիլան-Ֆիզուլի, իսկ ժամը 13։02-13։17  Ֆիզուլի-Բաքու երթուղով  չվերթներ իրականացնող օդանավերի GPS տեղորոշման համակարգերը, այնինչ հիշյալ երթուղիներով թռիչքներ իրականացնող օդանավերը կարիք չունեն հատել շփման գիծը, հետևաբար, չեն կարող հայտնվել ՊԲ ռադիոճնշման միջոցների ազդեցության ներքո։

Ավելորդ չէ նշել, որ 2020 թ. պատերազմական գործողությունների ողջ ընթացքում և դրանից հետո հենց ադրբեջանական կողմն է հետևողական կերպով թիրախավորում Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքը` արգելափակելով Լաչինի միջանցքը, խափանելով գազի և էլեկտրականության մատակարարման հոսքագծերը և ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը»,- ասվում է ՊԲ հաղորդագրությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ