25 08 2020

Լրատվամիջոցներին արգելում են լուսաբանել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը

Լրատվամիջոցներին արգելում են լուսաբանել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը

 

Օգոստոսի 25-ին ժամը 11:00-ից մեկնարկել է Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ, այժմ՝ անդամ Գևորգ Մուրադյանը, համալսարանի մամուլի քարտուղար Գևորգ Էմին-Տերյանի տեղեկացմամբ, հաստատության անվտանգության աշխատակիցներին հանձնարարել է թույլ չտալ լրագրողների մուտքը՝ որպես հիմնավորում ներկայացնելով պարետի այն որոշումը, որ մի տարածքում 40 անձից ավելի գտնվել չի կարող:

Նշենք միայն, որ Հոգաբարձուների խորհուրդը կազմված է 32 անդամից:

Նշենք նաև, որ ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքան գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը դեմ են, որ լրագրողներին ներս թողնեն:

Ավելի ուշ առաջարկվել է, որ լրատվամիջոցներից միայն մեկին տրվի լուսաբանման թույլտվություն, սակայն ԶԼՄ-ները մերժել են առաջարկը, արդյունքում նիստը չի լուսաբանվում:

Հիշեցնենք, որ օրակարգային առաջին հարցով նախատեսված է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի, իսկ երկրորդ հարցով՝ քարտուղարի ընտրությունը։ Օրակարգային երրորդ հարցի ընթացքում Հոգաբարձուների խորհուրդը քննարկելու է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի մրցույթների գործընթացները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ