14 08 2020

ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի ապօրինությունները հաստատվեցին. Ռուբեն Հայրապետյան

ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի ապօրինությունները հաստատվեցին. Ռուբեն Հայրապետյան

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սա՝ հատուկ նրանց համար, ովքեր մտածում էին, թե խուժանության հասնող պարզունակ ապօրինությունների միջոցով պետական համալսարանի ռեկտոր են «անցկացրել»՝ չհասկանալով, որ այդպիսի արարքներով ընդամենն ավելի են ծանրացնում իրենց վիճակը:

Թեև դատավոր Ն. Հովսեփյանի անբացատրելի խախտումների շարքի պատճառով «մրցույթը» դե ֆակտո տեղի ունեցավ, և մրցույթից հետո արգելանքը հանելու դեմ վերաքննիչ բողոքն արդեն առարկայազուրկ էր դարձել ու տեխնիկապես մերժման ենթակա, սակայն, հատուկ դիմեցի վերաքննիչ դատարան, որ, անկախ դրանից, դատարանը արձանագրի, որ արգելանքը հանվել է ապօրինաբար, և մրցույթն օրենքի բացահայտ խախտման հետևանքով է տեղի ունեցել: Իսկ քանի որ մրցույթի արդյունքները ոչինչ են, քանի դեռ Կառավարությունը չի հաստատել դրանք, ապօրինության հեղինակների ծրագիրն այսպիսով տապալվեց:

Այն, որ Կառավարությունն այժմ չի կարող հաստատել վերաքննիչ դատարանի որոշմամբ ամրագրված ապօրինի մրցույթի արդյունքները, ակնհայտ է:

Սակայն, քանի դեռ սերիական ապօրինությունների հեղինակները՝ ամբողջ Կառավարության գործունեությունն ստվերողները, արդեն ապացուցված խախտումների համար չեն ենթարկվում որևէ պատասխանատվության, նրանց կոռումպացված լինելու մասին անհերքելի փաստերով խոսացողները, ինչպես վարչապետն է նշում, ցավոք, «ղալաթ» չեն անելու:

Իսկ այս դեպքում անհրաժեշտ է, որ Կառավարությունը պարզի, թե ինչ միջոցների էր դիմել պատասխանող կողմը՝ ԿԳՄՍՆ-ն, որ առաջին ատյանի դատարանը, առանց հայցվոր կողմին՝ ինձ, պատշաճ ծանուցելու, օրենքի խախտումով մի քանի ժամում ափալ-թափալ դատական նիստ էր հրավիրել, անհեթեթ պատճառաբանությամբ հանել մրցույթի արգելանքը և ավելի անհավատալի իրավախախտման գնով նշել, թե իբր որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ: Բա, որ ես էլ հավատայի և չդիմեի՞ վերաքննիչ դատարան…

Հ.Գ. Արդեն ասել եմ, որ ինձ որևէ հանրային պաշտոն չի հետաքրքրում, սակայն հետհեղափոխական Հայաստանում կրթության ոլորտի փրկության հույսը ոչնչացնողների հարցով զբաղվելու եմ մինչև վերջ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ