Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվում են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների շուրջ քննարկումները։
Խորհրդակցությանը ներկայացվել են նոր առաջարկներ։ Քննարկվել են կրթության ոլորտին, մասնավորապես, ուսանողներին և բուհերին աջակցելուն միտված քայլերը։ Արծարծվել են ուսանողի բարձր առաջադիմությամբ պայմանավորված՝ կիսամյակային վարձավճարների փոխհատուցման, ինչպես նաև ուսանողական վարկերի սուբսիդավորման մեխանիզմներին վերաբերող հարցեր:
Ընդգծելով այս աջակցության կարևորությունը՝ վարչապետը նշել է, որ բարձր առաջադիմություն ունեցող որևէ ուսանող վարձավճարի պատճառով բուհից դուրս չի մնալու, և կառավարությունը հնարավորինս օժանդակելու է ուսանողներին: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է քննարկման արդյունքներով լրամշակել առաջարկը և ներկայացնել վերջնական տարբերակ։
Հաջորդիվ ամփոփվել են կառավարության հաստատած 13 միջոցառումների ընթացիկ արդյունքները, անդրադարձ է եղել ծրագրերի կատարման շրջանակում առաջացող հարցերին և տրվող լուծումներին։ Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին շարունակել անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը՝ խնդիրներին արագ լուծում տալու, միջոցառումների սահուն ընթացքն ապահովելու և նախատեսված օժանդակությունը շահառուներին լիարժեք տրամադրելու համար։ Խորհրդակցությանը մտքեր են փոխանակվել նաև սոցիալական օժանդակության կարիք ունեցողների շրջանակի ընդլայնման հարցի շուրջ: Վարչապետը կարևորել է սոցիալական խոցելի խմբերի լիարժեք բացահայտման ուղղությամբ շարունակական աշխատանքը և համապատասխան հանձնարարականներ տվել: Քննարկվել են տնտեսվարողների գործունեության խրախուսմանը վերաբերող մի շարք գաղափարներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը