18 12 2019

«Պարտիզանական» ակցիա կառավարության շենքի դիմաց

«Պարտիզանական» ակցիա կառավարության շենքի դիմաց

ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչությունից տեղեկացնում են՝ դեկտեմբերի 19-ին` ժամը 11:00-ին ՀՀ Կառավարության շենքի դիմաց տեղի է ունենալու ՀՅԴ ՀԵՄ-ի հերթական ակցիան:

ՀՅԴ ՀԵՄ հայտարարությունում նշվում է.

«ՀՅԴ ՀԵՄ-ը սիրով հրավիրում է բոլորին՝ ներդրում ունենալու առաջադեմ և ազգային արժեհամակարգի վրա հիմնված հասարակություն ունենալու համար ծավալված պայքարին։

Հիշեցնում ենք մեր պահանջները․

1․ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում արդիական պահանջներից և ազգային պետություն ունենալու հրամայականից բխող համապատասխան ռազմավարությունների մշակում և հրապարակում։

2․ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների պետական ֆինանսավորման էական ավելացում։Առաջիկա տարիների համար անհրաժեշտ է ռազմավարական նպատակ ունենալ կրթությանը հատկացվող միջոցների ծավալի մեծացումը` այնպես, որ այդ միջոցները կազմեն ՀՆԱ 3-4 տոկոսը, իսկ գիտության պարագայում` այդ թիվը պետք է գերազանցի ՀՆԱ 1 տոկոսը

3․ Ապահովելով Հայոց լեզու և Հայոց պատմության առարկաների` բուհերում դասավանդման պարտադիր սկզբունքը` ձեռնամուխ լինել համապատասխան հայեցակարգերի ու մասնագիտական ծրագրերի մշակմանը։Հայոց լեզու առարկայի դասավանդման շրջանակներում պետք է ձեռք բերվեն հիմնավոր գիտելիքներ, որոնք թույլ կտան բուհի շրջանավարտներին տիրապետել մասնագիտական տերմինաբանությանը։ Հայոց պատմություն առարկայի պարագայում ուսանողների շրջանում պետք է ձևավորել քննական մտածողություն և սեփական հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների խորքային ընկալում։

4․Ապահովելով Հայոց Եկեղեցու պատմություն առարկայի պարտադիր դասավանդումը դպրոցներում՝ ուշադրություն դարձնել առարկայի շրջանակներում ազգային ինքնության անքակտելի մասը կազմող Հայ Առաքելական Եկեղեցու էության ներկայացմանը, աշակերտների շրջանում պետականամետ և հայաստանակենտրոն մտածելակերպի ամրապնդմանը։

5․ Շրջանառությունից հանել կամ արմատապես վերանայել Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծը։Ձեռնամուխ լինել ԲՈՒՀ-երի իրական ակադեմիական ազատության և կառավարման ինքնավարությանը նպաստող նախագծի ներկայացմանը, որը նպատակ պետք է ունենա ապահովելու ԲՈՒՀ-գիտություն-աշխատաշուկա կապը:

Նախագծում պետք է որոշակի լինի նաև գիտության զարգացման գործում Գիտությունների Ազգային Ակադեմիայի դերը:

6. Այս փոփոխությունների կարևորությունն անտեսող կամ ազգային օրակարգը հեգնող ցանկացած պաշտոնյա պետք է օր առաջ ազատվի զբաղեցրած պաշտոնից:

Մեր գործողությունները շարունակելու են բխել վերը նշված պահանջների կյանքի կոչման հրամայականի տրամաբանությունից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ