Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել են Լոս Անջելեսից Հայաստան ժամանած 10-րդ դասարանցի ավելի քան 70 հայ աշակերտների: Նրանք ներկայացնում են Հայ բարեգործական ընդհանուր միության Մանուկյան-Դեմիրճյան վարժարանը, որն ունի շուրջ 800 աշակերտ: Յուրաքանչյուր տարի վարժարանի 10-րդ դասարանի աշակերտներն այցելում են Հայաստան՝ ծանոթանալու հայրենիքին, իսկ 11-րդ դասարանի աշակերտները հայրենիքում ներգրավվում են կամավորական ծրագրերում ու անցնում վերապատրաստում, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:Վարչապետը ողջունել է բոլորին և հույս հայտնել, որ դեռ շատ կտեսնի նրանց հայրենիքում: Այնուհետև վարչապետը լսել է աշակերտների տպավորությունները Հայաստանից և պատասխանել տարբեր հարցերի:Մասնավորապես, անդրադառնալով տնտեսության զարգացմանը, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ ուղղությամբ արդեն մի քանի կարևոր քայլեր կառավարությունն իրականացրել է:«Գիտեք, որ Հայաստանում մենաշնորհներ, տնտեսական գործունեության որոշակի սահմանափակումներ կային, որոնք վերացված են: Հիմա ոչ ոք որևէ սահմանափակում չունի: Կրճատել ենք ստվերային տնտեսությունը, և անցած վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում 51 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել, ստվերային առևտուրն է կրճատվել: Մեր ընդհանուր փիլիսոփայությունն այն է, որ տնտեսության զարգացման նպատակով պետք է մարդկանց համար ստեղծենք հնարավորություններ»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ նախկինում դրանք եղել են սահմանափակ: «Մեր հիմնական դերակատարումը տեսնում ենք նրա մեջ, որ մարդկանց հավատ ներշնչենք իրենց ուժերի նկատմամբ, որ մարդիկ կարող են իրենց աշխատանքով իրենց բարեկեցությունը, հաջողությունը, կարիերան ապահովել: Դրա համար պետք է ապահովենք արդար ու հավասար պայմաններ բոլոր քաղաքացիների համար»,- նշել է գործադիրի ղեկավարը:
Վարչապետը նշել է, որ կառավարությունը տնտեսության մեջ որպես առաջնահերթություն առանձնացրել է երեք հիմնական ճյուղ: «Առաջինը՝ տեխնոլոգիական ոլորտն է: Հույս ունենք, որ Հայաստանն արագ կվերածվի ստարտափերի երկրի և տեխնոլոգիական ոլորտը կզարգանա: Վերջերս տեղի ունեցան կառավարության կառուցվածքային փոփոխություններ և հիմա մեր երկրում կա նոր՝ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն: Հույս ունենք, որ այն կխթանի տեխնոլոգիական ոլորտը:
Հաջորդ ուղղությունը՝ տուրիզմն է, որը հույս ունենք մեծ տեմպերով կզարգանա: Վերջին տարիներին տուրիզմը լավ է զարգանում, որովհետև բավականին շատ նոր մտածողությամբ գործարարներ են այդ ոլորտում ներդրումներ արել և հաջողություններ ունեն:
Երրորդ ուղղությունը՝ գյուղատնտեսությունն է. մտադիր ենք ամեն ինչ անել, որ այն համապատասխանի ժամանակակից չափանիշներին: Եթե փիլիսոփայորեն պատասխանեմ հարցին, ապա կասեմ հետևյալը. մեր նպատակն է՝ ստեղծել հնարավորություններ, բայց դրանց շրջանակում կարևոր է նաև, որպեսզի կրթությունը լինի հասանելի: Ցավոք, Հայաստանում երկար ժամանակ կրթությանը մի փոքր այլ կերպ են վերաբերվել: Կրթության նշանակությունը թերագնահատվել է, և մենք հիմա ցանկանում ենք մեր երիտասարդների շրջանում կրթության նկատմամբ վերաբերմունքը փոխել, որպեսզի մարդը հասկանա, որ կրթությունն իր տաղանդը զարգացնելու հնարավորությունն է, կյանքում հաջողություններ ունենալու հնարավորությունն է, հետագա կյանքում չամաչելու հնարավորությունն է, ուրիշների համար հնարավորություններ ստեղծելու հնարավորությունն է: Դրա համար էլ մտածում ենք, որ այս առումով Հայաստանը պետք է դրախտ լինի տաղանդավոր մարդկանց համար, որպեսզի տաղանդավոր մարդը վստահ լինի, որ այս երկրում իր համար բոլոր հնարավորությունները կան, որպեսզի ինքն իրացվի»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը մարդկանց պետք է կրթության, իրավունքների պաշտպանվածության, տնտեսական հնարավորությունների առումով այնքան ուժեղացնի, որ մարդն իր անհրաժեշտ հացը, ջուրը, հագուստն ապահովի ոչ միայն իր, այլև ուրիշների համար: «Այսպիսին ենք մենք պատկերացնում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը: Կառավարությունը պետք է ստեղծի հնարավորություններ, որ մարդիկ տնտեսությունը զարգացնեն: Պետք է ապահովվի ֆինանսների հասանելիություն, կոռուպցիա չլինի, որպեսզի մարդկանց համար արհեստական խոչընդոտներ չլինեն: Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, և այդ տաղանդը զարգացնելն է մեր տնտեսությունը զարգացնելու ճանապարհը»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ մարդը պետք է հասկանա՝ առանց աշխատանքի հնարավոր չէ ոչնչի հասնել: «Մենք ուզում ենք, որ մեր քաղաքացիները քաջալերվեն, աշխատանքի և դրա արդյունքները վայելելու հնարավորություն ունենան: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում աշխատանքը չընկալվի որպես չարչարանք, տառապանք, մենք ուզում ենք, որ մարդը հաճույք ստանա իր աշխատանքից»,- նշել է կառավարության ղեկավարը:
Այնուհետև վարչապետը ներկաների խնդրանքով անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը, դրա պատմությանը և հիմնախնդրի կարգավորման գործընթացին: «Ինչպես Ադրբեջանն է դուրս եկել Խորհրդային միության կազմից և հիմա անկախ պետություն է, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն է դուրս եկել Խորհրդային Ադրբեջանի կազմից, և մեր խնդիրն է, որ միջազգային հանրությունն այս փաստը ճանաչի: Հիմա բանակցություններն ընթանում են այդ ուղղությամբ, մենք համենայն դեպս, բանակցությունները տանում ենք այդ ուղղությամբ: Ադրբեջանը, որը վերջին 10 տարիներին մի քանի միլիարդ դոլար է ծախսել իր զինված ուժերի սպառազինության համար, անընդհատ փորձում է ուժի սպառնալիքով հայկական կողմին ինչ-որ լուծումներ պարտադրել, բայց մենք դրանք չենք ընդունում, որովհետև, ըստ էության, միջազգային հանրությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որը միջազգայնորեն ճանաչված բանակցային միակ ֆորմատն է, երեք սկզբունք է դրել բանակցությունների հիմքում, որոնցից մեկն ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումն է: Եվ մենք արձանագրում ենք, որ Հայաստանի հետ չի կարելի ուժի լեզվով խոսել, և այդպիսի խոսակցությունը, ոճը պարզապես չենք ընդունի: Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը միասնական են ցանկացած ոտնձգության դիմակայելու, հակահարված տալու գործում, բայց մյուս կողմից, բնականաբար, մենք արձանագրել ենք, որ պատկերացնում ենք հարցի բացառապես խաղաղ կարգավորում»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ երեկ Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: «Վեջին շրջանում սահմանին մի փոքր լարվածություն կա, և հույս ունենք, որ այն հնարավոր կլինի նվազեցնել և հասնել հարցի խաղաղ, բանակցային կարգավորման»,- ասել է վարչապետը:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչպես կարող են սփյուռքահայերն օգնել հայրենիքին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Առաջին հերթին այն մարդիկ, ովքեր ունեն լավ կրթություն, բիզնես հմտություններ՝ գան Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալեն, բիզնես հիմնեն, մանավանդ, որ ՏՏ ոլորտը լավ զարգանում է, սահմաններն ըստ էության վերացնում է: Երկրորդը, իրենց ընկերներին պատմեն Հայաստանի, մեր երկրի հնարավորությունների մասին, հնարավորինս նրանց քաջալերեն, որ այցելեն Հայաստան ու Արցախ, որովհետև համոզված եմ՝ ով գալիս է Հայաստան՝ սիրահարվում է մեր երկրին»: Վարչապետը հավելել է, որ կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի ճանապարհներն ավելի լավը լինեն, Հայաստանն աղբից մաքրվի, ամեն ինչն ավելի լավ լինի:
Գործադիրի ղեկավարը մեծապես կարևորել է հայկական ինքնության պահպանումը սփյուռքում և շնորհակալություն հայտնել Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի գործունեության համար: «Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայի մտքում պետք է արձանագրվի, որ այնուամենայնիվ Հայաստանում չապրող յուրաքանչյուր հայի վերջնական նպատակը Հայաստան վերադառնալն է, եթե ինքը չի կարող վերադառնալ, ապա այնպես անել, որ իր երեխաները վերադառնան, եթե երեխաները չեն կարող՝ թոռները, եթե թոռները չեն կարող՝ ծոռները: Այսօր այնպիսի գործընթաց է գնում, որ աշխատանքի մեջ սփյուռքի շատ երիտասարդներ հեռանում են հայկական ինքնությունից ,և մենք մտածում ենք, որ հայկական իրականությունը պետք է երիտասարդության համար ավելի գրավիչ դարձնել, որպեսզի հայկական միջավայրն ավելի հետաքրքրիր լինի: Պետք է ապրել Հայաստանում, անկախ նրանից՝ այստեղ եք ֆիզիկապես, թե՝ ոչ: Պարտադիր չէ, որ հենց այսօրվանից այստեղ լինեք մշտապես, որպեսզի ապրեք Հայաստանում, դուք կարող եք Միացյալ Նահանգներում էլ ֆիզիկապես գտնվելով՝ ապրել Հայաստանում: Այս իմաստով, Հայաստանում ապրելն ամենամեծ աջակցությունն է:
Հեղափոխության օրերին էլ թվում էր՝ Հայաստանն ո՞ւր, Լոս Անջելեսում գտնվող հայ համայնքն ո՞ւր: Բայց աջակցությունը, թեկուզ սոցիալական ցանցերով, այնտեղ հավաքներ իրականացնելով, շատ մեծ էր: Առանց այդ աջակցության՝ հեղափոխությունը տեղի չէր ունենա: Ամենամեծ աջակցությունը հենց դա է՝ բոլոր իմաստներով ապրել Հայաստանում: Եթե ինչ-որ բան հնարավոր է անել Հայաստանում՝ անել, եթե տարվա մեջ կարելի է մեկ օր ֆիզիկապես ավելի մնալ Հայաստանում, ապա մնալ, եթե մեկ անգամ ավելի է հնարավոր այցելել, մեկ անգամ ավելի այցելել, եթե մի օտարերկրացի ընկերոջ ավելի է հնարավոր բերել Հայաստան՝ բերել: Պետք է այնպես անել, որ Հայաստանը դառնա աշխարհի խաչմերուկ և կենտրոն, անհրաժեշտ է անընդհատ խոսել Հայաստանի մասին՝ առավել ճանաչելի դարձնելով Հայաստանն աշխարհում: Սա է ամենակարևորը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Աշակերտները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և հանդիպման ավարտին լուսանկարվել վարչապետ Փաշինյանի ու տիկին Աննա Հակոբյանի հետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը