16 08 2024

ԿԳՄՍ նախարարությունը արձագանքել է «Հայոց պատմության» 8-րդ դասարանի դասագրքի հետ կապված ահազանգերին

ԿԳՄՍ նախարարությունը արձագանքել է «Հայոց պատմության» 8-րդ դասարանի դասագրքի հետ կապված ահազանգերին

«Հայոց պատմության» 8-րդ դասարանի դասագրքի հետ կապված եղել են որոշ անհանգստություններ ու մտահոգություններ  թեմաների վերնագրերից մեկում «բռնակցում» բառը օգտագործելու վերաբերյալ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը: 

«Ստացել ենք տարբեր անհանգստություններ արտահայտող ահազանգեր, որից հետո  հեղինակային խմբի հետ աշխատանք է իրականցվել, առաջարկվել է վերանայել այդ մոտեցումը, արդյունքում հեղինակային խումբը վերնագիրը վերանայել է և համապատասխանեցրել այն ձևակերպումներին, որը ունենք «Հայոց պատմություն» առարկայի առարկայական ծրագրում: Այս պահին դասագրքի խմբագրված տարբերակն ուղարկվել է ԴՇՀ, որից հետո փոփոխված տարբերակը կտեղադրվի կայքում և կուղարկվի տպագրման»,-ասաց նա:

Հարցին՝ տեղի ունեցածը վրիպո՞ւմ էր, վարչության պետն ասաց.

«Սա ոչ այդքան վրիպում էր, այդ տեսանկյունից գուցե չէին դիտարկել հարցը: Մենք շատ կարևոր կարգավորում ունենք, դասագիրքը երաշխավորելուց հետո տեղադրվում է նախարարության  պաշարների շտեմարանում կամ  ԴՇՀ-ի կայքում, տրվում է 2 շաբաթ ժամանակ, որպեսզի դասագիրքը օգտագործող ուսուցիչները, ծնողները, հասարակությունը կարողանան ծանոթանալ դասագրքերի հետ:  Սա մեզ հնարավորություն է տալիս լրացուցիչ  աչք ունենալ, և եթե կան որոշ վրիպումներ, վերանայել՝ մինչև տպագրության գնալը»,-ասաց Սարգսյանը:

Վերջինս ընդգծեց, որ հիմնական բողոքները կապված էին վերնագրի հետ, ոչ թե բովանդակության, քանի որ բովանդակության մեջ արտահայտված են այն իրադարձությունները, որոնք հաջորդաբար տեղի են ունեցել 19-րդ դարում:

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 15-ին, ՌԴ ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրել «8-րդ դասարանի հայկական դպրոցների պատմության դասագրքի չափազանց կասկածելի բովանդակության վրա», որի տեքստը հրապարակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության պաշտոնական կայքում։

«Նոր ձեռնարկի գլուխներից մեկում՝ «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրի ներքո, խեղաթյուրված են ներկայացված 18-րդ դարի վերջի-19-րդ դարի սկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները։

Մասնավորապես, վերանայման ենթակա էին 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքների գնահատականները։

Կասկածի տակ դնել ռուսական կայսրության, ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հատուկ դերը ներկայիս Հայաստանի ձևավորման գործում, նշանակում է դեմ գնալ հայտնի փաստերին։ Սա մեր ընդհանուր պատմությունը վերաշարադրելու հերթական անամոթ փորձն է»,-ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

«Հույս ունենք, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա, որ նման դասագիրք տեղափոխվի դպրոցներ, ինչպես նաև աչք չեն փակի մեր ընդհանուր անցյալը խեղաթյուրելու նման անարատ փորձերի վրա»,-նված է հաղորդագրության մեջ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ