Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելը և նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները ԲԴԽ-ի կողմից բավարարելը փաստաբան Լուսինե Սահակյանը խայտառակություն է համարում։
«Փաստորեն դատավորը հետապնդվում է իր գործունեությունը իրականցնելու համար և հիմա չեմ էլ ուզում քննարկել, թե դատավորը ճիշտ որոշում է կայացրել, թե՝ ոչ, որովհետև հարցը դա չէ։ Սա նշանակում է, որ ԲԴԽ-ն կալանավորման շատ բարձր նշաձող է սահմանել, այսինքն, որ բացառիկ դեպքերում անձինք պետք է կալանավորվեն։ Այս պայմաններում անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող է ԲԴԽ-ն քրեական հետապնդում թույլատրելու որոշում կայացնելուց հետո թույլ տալ կալանավորելու դատավորին։ Սա միանշանակ ճնշում է մյուս դատավորների նկատմամբ»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Լուսինե Սահակյանը։
Նշենք, որ Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ով փոխել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ խափանման միջոցը` կալանքը փոխարինելով գրավով և չհեռանալու մասին ստորագրությամբ։
Փաստաբանի խոսքով, ողջ փաստաբանական համայնքը պարտավոր է ստանձնել Բախշիյանի պաշտպանությունը։
«Սա այն դեպքն է, երբ մենք պետք է հասկանանք, որ այսուհետ այլևս անկախ դատավորներ չեն լինելու, որովհետև ակնհայտ է, թե Բախշիյանը ինչու է հետապնդվում, ինչո՞ւ մյուս դատավորները, որոնք ակնհայտ ապօրինի կալանավորում են անձնաց երբեք հետապնդման չեն ենթարկվել, իսկ Բախշիյանը, որը որոշումներ է կայացրել և քաղբանտարկյալներ է ազատ արձակել, հենց ինքը պետք է հետապնդվեր։ Սա ակհայտ ապօրինի հետապնդում է, և նպատակ ունի ուղղակի լռեցնելու մյուս դատավորներին և պարտադրելու մյուս դատավորներին, որպեսզի իշխանության կամքը կատարեն։ Սրանով ցույց են տալիս, որ այն դատավորները, ովքեր չեն ենթարկվի իշխանություններին և չեն կատարի նրանց կամքը, նրաց քերական հետապնդման կարող են ենթարկել»,- նշեց փաստաբանը։
Սահակյանը հայտնեց, որ այսօր՝ փետրվարի 1-ին քննվելու է դատավոր Բախշիյանի կալանավորման հարցը և նա լինելու է դատարանում․ «Կարծում եմ, որ շատ փաստաբաններ, ովքեր հարգում են իրենց մասնագիտությունը, ովքեր չեն ուզում ձևական աշխատել այս երկրում և անձանց իրավունքները ձևական պաշտպանել, պարտավոր են Բախշիյանի պաշտպանությունը ստանձնել կամ առնվազն լինել դատարանում և դա պարտավոր են անել նաև դատավորները, քանի որ այսուհետ անհասկանալի է՝ եթե դատավորները այսօր չկանգնեն Բախշիյանի կողքը, վաղը ինչպե՞ս են աշխատելու»։
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը նախօրեին թույլ տվեց Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել եւ ազատությունի զրկելու համաձայնություն տալ:
ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, ՀՀ ԲԴԽ-ին ներկայացրել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ:
Դատավորների միությունը մտահոգություն էր հայտնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը