Դատախազությունը հայտնվել է փակուղու մեջ և փորձում է մեղադրանքի փոփոխման երրորդ ռեժիմը նվաճել՝ ՍԴ-ի միջոցով։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածով դադարեցնելու որոշման դեմ բողոքի քննության ընթացքում ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Ալեքսանյանի դիտարկմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին դատարանի որոշումը հիմնավոր է, օրինական և պատճառաբանված, պահպանվել են օրենսդրության պահանջները։
Ինչ վերաբերում է արարքը վերաորակելու անհրաժեշտության մասին դատախազության պնդումներին,Ալեքսանյանը հիշեցրեց դեռևս 2020թ փետրվար ամսին կայացած դատական նիստը, որի ընթացքում ինքը բարձրացրել էր ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի որոշակիության խնդրի և այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը, ապա հետաքրքրվել, թե ինչու արարքը չի որակվել ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածով, ինչին ի պատասխան դատախազ Գևորգ Բաղդասարյանը բացառել էր ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածով արարքի որակումը՝ նշելով, որ ընդհանուր և հատուկ նորմերի մրցակցության տեսությունը կիրառելի չէ, ինչի հետ, Ալեքսանյանը համաձայն է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը