01 09 2021

Արմեն Չարչյանի խափանման միջոցի փոփոխելու հարցով հրատապ նիստ հրավիրելու միջնորդություն է ներկայացվել դատարան. «Փաստինֆո»

Արմեն Չարչյանի խափանման միջոցի փոփոխելու հարցով հրատապ նիստ հրավիրելու միջնորդություն է ներկայացվել դատարան. «Փաստինֆո»

«Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի խափանման միջոցի փոփոխելու համար հրատապ նիստ հրավիրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Նա հայտնել է, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակը շարունակում է մնալ նույնը։ Արմեն Չարչյանի առողջական վիճակով պայմանավորված՝ պաշտպանը միջնորդություն է մուտքագրել դատարան՝ հրատապ նիստ հրավիրելու և Արմեն Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին՝ առաջարկելով 20 մլն դրամ, այս պահին դեռևս առկա չէ տեղեկատվություն՝ դատական նիստ հրավիրելու վերաբերյալ։ Միջնորդության հիմքում որպես նոր ի հայտ եկած հանգամանք նշվել է Արմեն Չարչյանի առողջական վիճակը։ Բացի այդ՝ Արմեն Չարչյանն ունի նաև շաքարային դիաբետ, որը Կառավարության 825- Ն որոշման համաձայն՝ անհամատեղելի է կալանքի հետ, հետևաբար, այդ պայմաններում Չարչյանը չի կարող գտնվել անազատության մեջ։

Ալեքսանյանի փոխանցմամբ՝ պատրաստվում է դիմում ներկայացնել նաև «Վարդաշեն» ՔԿՀ վարչակազմին, որպեսզի վերջիններս դիմեն բժշկական հանձնաժողով՝ համապատասխան եզրակացությունը ստանալու համար։

«Եզրակացությունը ստանալուց հետո, եթե այն հաստատի համապատասխան էպիկրիզում առկա տեղեկատվությունը և դրանով ևս մեկ անգամ փաստվի, որ ունենք հիվանդություն, որն անհամատեղելի է կալանքի հետ, դատարանը, բնականաբար, պետք է անհապաղ նիստ հրավիրի և քննարկի խափանման միջոցի փոփոխման հարցը»,- նշեց Ալեքսանյանը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, գործի՝ դատաքննության նախապատրաստման փուլում հուլիսի 21-ին նրան կալանքից ազատել էր՝ բավարարելով Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպանների միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 15 մլն ՀՀ դրամ։ Մեղադրող դատախազ Մարգարյանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով բեկանել գրավ կիրառել դատարանի որոշումը եւ կրկին կալանավորել Չարչյանին։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարել էր դատախազության բողոքը, ինչից հետո Չարչյանն ինքնակամ ներկայացել էր քրեակատարողական հիմնարկ և կալանավորվել։

Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, ինչից հետո նա օգոստոսի 24-ին տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։ Չարչյանի մոտ ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ, որը զարգացել է դեռ քրեակատարողական հիմնարկում։ Նրա մոտ ախտորոշվել է նաև զարկերակային հիպերտոնիա III աստիճանի /կրիզային ընթացք/, սրտային անբավարարություն II ֆԴ։ Ծանր շաքարային դիաբետ տիպ 2՝ ինսուլին կախյալ։ Խրոնիկ երիկամային անբավարարություն։

Հիշեցնենք, որ տելեգրամյան մի ալիքում հրապարակվել էր ձայնագրություն, համաձայն որի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 18-ի առավոտյան աշխատակիցների հետ հանդիպմանը հորդորել է, որ աշխատակիցները պարտադիր կարգով մասնակցեն ընտրություններին։ Չարչյանը նշել է, որ եթե որևէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա կիմանա այդ մասին։

Ձայնագրության հրապարակումից հետո հաշված ժամերի ընթացքում ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով, որի շրջանակներում նախ բերման են ենթարկել Չարչյանին և տեղափոխել ՀՔԾ, ապա ձերբակալելու որոշում կայացրել։

Պաշտպանները բողոք են ներկայացրել Չարչյանին ձերբակալելու մասին որոշման դեմ, ինչը բավարարվել է քվեարկության օրը և նա դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։

Հունիսի 21-ին դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ԿԸՀ-ն բավարարել է Արմեն Չարչյանի նկատմամբ հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունները։ ԿԸՀ համաձայնությունը ստանալուց հետո ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել Արմեն Չարչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը մասամբ բավարարվել էր դատավոր Արմինե Մելիքսեթյանի կողմից։ Այժմ քրեական գործը գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի վարույթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ