05 07 2021

Սա ակնհայտ անհիմն և ապօրինի ձերբակալում է․ Փաստաբանը՝ Լուսինե Ավետյանի ձերբակալման մասին

Սա ակնհայտ անհիմն և ապօրինի ձերբակալում է․ Փաստաբանը՝ Լուսինե Ավետյանի ձերբակալման մասին

«Սա ակնհայտ անհիմն և ապօրինի ձերբակալում է»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը՝ անդրադառնալով համայնքապետի ձերբակալմանը։

«Անձը ժամը 16։24-ից ձերբակալված է և պաշտպան չունի։ Ես ամեն կերպ ջանք եմ գործադրում, որպեսզի ներգրավվեմ որպես պաշտպան։ Վարույթ իրականացնող մարմինը խոչընդոտում է անձի պաշտպանության իրավունքի իրացմանը։ Ես քննիչի հետ էլ եմ խոսել, նա պնդեց, որ գտնվում է Գորիսից վերադարձի ճանապարհին և ուշ ժամի կհասնի, մինչդեռ կասկածյալը շուտով կլինի ձերբակալվածների համար նախատեսված վայրում։ Հետևաբար սա խոչընդոտ չէ՞, որ քննիչներից որևէ մեկը գար և պաշտպան ներգրավվեր, բայց վարույթ իրականացնող մարմինը խոչընդոտներ է հարուցում»,- ասաց փաստաբանը։

Նրա խոսքով՝ Լուսինե Ավետյանը չի ընդունում մեղքը և նշել է, որ ցանկանում է ցուցմունք տալ պաշտպանի ներկայությամբ։

Հիշեցնենք, որ ըստ ՀՔԾ-ի՝ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը մեղադրվում է ընտրակաշառք տալու մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ