Փաստաբանների միության ղեկավար Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Առանց անձնավորելու ԲԴԽ շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասնակիցներին, պետք է նշեմ, որ տեղի է ունենում դատական իշխանությանը բացահայտ ճնշելու գործընթաց:
Գործադիր իշխանությունը (վարչապետի դեմքով) և օրենսդիր իշխանությունը (իշխող ուժի պատգամավորների դեմքով) թիրախավորել են դատական իշխանությանը:
Ըստ հրապարակումների՝ «ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ հաղորդում է ներկայացրել նախկին դատավոր Անդրանիկ Սիմոնյանը, որը մի քանի օրով նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ապա ԱԱԾ տնօրենի տեղակալ։ … Ու ահա Անդրանիկ Սիմոնյանը «հիշել է», թե Վարդազարյանը նախկինում իրեն զանգել է ու իր վարույթում գտնվող գործերից մեկով հանձնարարություններ տվել՝ ասելով- թե վիճահարույց գործ է, այնպես արա, որ պրոբլեմի մեջ չընկնենք։»:
Հղումը՝ https://www.tert.am/am/news/2021/04/15/Vardazaryan/3584826
Բարձրագույն դատական խորհուրդը 15.04.2021թ. որոշել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը: Նույն կերպ կասեցվել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ (նախագահ) Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները:
Հղումը՝ https://court.am/hy/decisions-single/778
?? Այս թեմայի մասով առկա է առնվազն 2 խնդիր, որը քրեական հետապնդում իրականացնող մարմինը պետք է գոնե իրավաբանական հանրույթին պարզաբանի.
✅1. ԱՐԴՅՈՔ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՉԻ ԱՌՆՉՎՈՒՄ.
ԲԴԽ որոշումից տեղեկանում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է ՈՉ ԻՐ լիազորությունների իրականացման կապակցությամբ:
ԶԼՄ հրապարակումներից տեղեկանում ենք, որ ըստ հաղորդման՝ Ռ.Վարդազարյանը զանգել է դատավորին ասելով- թե վիճահարույց գործ է, այնպես արա, որ պրոբլեմի մեջ չընկնենք:
Այստեղից կարող ենք հետևություն անել, որ Ռ.Վարդազարյանի ենթադրյալ զանգը ուղղված դատավորին քրեական հետապնդման մարմնի կողմից կարևորվել է հաշվի առնելով Ռ. Վարդազարյանի՝ ԲԴԽ նախագահի ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԴԻՐՔԸ (բնական է, որ այս փաստը դեռ պետք է ապացուցվի):
Հիմա հարց, եթե ԲԴԽ նախագահը իր պաշտոնեական դիրքով է դատարանի գործունեությանը միջամտել (վստահ եմ քրեական հետապնդման մարմինը չի խուսափելու այս կարգավիճակը վկայակոչելուց), իսկ ԲԴԽ նախագահը զուգահեռ նաև դատավոր է, ապա ինչպես կարող է քրեական հետապնդման մարմինը պնդել, որ Ռ. Վարդազարյանի ենթադրյալ գործողությունը կապված չէ իր լիազորությունների իրականացման հետ: Բարձրագույն դատական խորհուրդն այս տրամաբանությունն ու փաստն ընդունել է իր 15.04.2021թ. որոշման 2-րդ կետով, երբ դատավորի լիազորությունների կասեցման ուժով կասեցրել է նաև ԲԴԽ նախագահի լիազորությունները:
ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությամբ:
Այս նորմի ուժով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ չէր կարող քրեական հետապնդում իրականացվել առանց ԲԴԽ համաձայնության: Մինչդեռ ԲԴԽ-ն այդպիսի համաձայնություն չի տվել: Առանց այդ համաձայնության քրեական հետապնդում չէր կարող իրականացվել:
✅ 2. ԻՆՉՊԵՍ Է ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՄԱՐՄԻՆԸ ՇՐՋԱՆՑԵԼ ԲԴԽ-ԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՀԱՐՑՈՎ.
Ըստ www.court.am կայքի տվյալների Ռուբեն Վարդազարյանը դատավոր է նշանակվել 2009 թվականի փետրվարի 27-ից:
2005թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 97-րդ հոդվածի համաձայն՝ …. դատավորը և սահմանադրական դատարանի անդամը չեն կարող կալանավորվել, ներգրավվել որպես մեղադրյալ ….. առանց համապատասխանաբար արդարադատության խորհրդի կամ սահմանադրական դատարանի համաձայնության։
2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
Այս նորմերից հետևում է, որ մինչև 21.12.2015թ. նշանակված դատավորի նկատմամբ տարածվում է նախորդ խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության երաշխիքները: Այսինքն, նույնիսկ դատավորի` ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդումը կարող էր հարուցվել (մեղադրանքն առաջադրվել) միայն ԲԴԽ-ի համաձայնությամբ:
? Հ.Գ. Իրավաբանական հանրույթն արձանագրում է իրավական համակարգերի ոչնչացման պատասխանատուներին և գործող անձանց: Մի բան հիշեք՝ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՑՈՂԻԿ Է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը