«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով այսօր կառավարության մոտ տեղի ունեցած միջադեպին, որի ընթացքում ուժի կիրառմամբ բերման էին ենթարկվել բողոքի ակցիա անող կանանց։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Սույն թվականի ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության օրը և Ավետման տոնին, «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման կանայք նախաձեռնել էին ակցիա, որին միացել էին մեր մի շարք այլ հայրենակիցներ։
Արդյունքում Հանրապետության հրապարակում կանանց նկատմամբ, որոնց շարքերում էին նաև Արցախյան երրորդ պատերազմում մեր նահատակված հերոսների հարազատներ, ոստիկանության կողմից կիրառվեց բիրտ և առերևույթ անհամաչափ ուժ, ինչի տեսարաններն իրապես զարհուրելի և բարոյազուրկ էին։
Հերթական անգամ ահազանգում ենք՝ «Ոստիկանության մասին» օրենքի 29-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանության ծառայողը ֆիզիկական ուժ գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել այն գործադրելու մասին՝ բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու և իրավախախտումը դադարեցնելու համար։
Այսինքն՝ որպեսզի ոստիկանությունը կարողանա կիրառել ֆիզիկական ուժ, անհրաժեշտ է հետևյալ հանգամանքների միաժամանակյա առկայություն՝
1. իրավախախտում հանդիսացող գործողությունների կատարում,
2. նախազգուշացում այդ գործողությունները կատարող ֆիզիկական անձանց՝ դրանք կանխելու նպատակով ֆիզիկական ուժ գործադրելու մասին,
3. ենթադրյալ իրավախախտում կատարած անձանց ժամանակի տրամադրում ոստիկանության օրինական պահանջները կատարելու և իրավախախտումը դադարեցնելու համար։
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ոստիկանությունը հերթական անգամ առերևույթ անհամաչափ ուժ կիրառելուց առաջ որևէ կերպ չզգուշացրեց դրա մասին և հավաքի մասնակիցներին չտրամադրեց բավարար ժամանակ ոստիկանության «օրինական պահանջները» կատարելու համար:
Պարզ չէր, թե ինչ վտանգավոր իրավախախտում էին գործել հայ կանայք, ովքեր Մայրության և գեղեցկության օրը որոշել էին իրենց բողոքի ձայնը բարձրացնել իշխող ուժի հակապետական գործունեության դեմ։
Ակնհայտ է, որ ոստիկանության նման ապօրինի գործողություններն ինքնանպատակ չեն, այլ հրահանգավորված են՝ միտում ունենալով բիրտ ուժի սպառնալիքով և կիրառմամբ կանխել քաղաքացիների մասնակցությունը հետագա բողոքի ակցիաներին։
Ցավալիորեն, արձանագրում ենք.
1. ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում բավարար երաշխիքներ նշված իրավիճակներում ոստիկանության կողմից բռնության ենթարկված և/կամ բերման ենթարկված անձանց իրավունքների ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ պաշտպանության համար, ինչը գործող իշխանություններին հնարավորություն է տալիս ապօրինի ֆիզիկական ուժ կիրառել իր հակապետական գործունեության դեմ բողոքող անձանց նկատմամբ։
2. Մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումը թե՛ իրավապահ մարմինների, թե՛ իշխող ուժի կողմից կրում են պարբերական բնույթ:
3. Իրավապահ մարմինները դարձել են քաղաքական ուժի սպասավոր՝ ի հեճուկս Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված իրենց առաքելության:
4. Կանանց իրավունքների պաշտպանության նախկին ակտիվիստ ջատագովներ, հասարակական գործիչներ, ներկայումս արդեն՝ պաշտոնատար անձինք կամ իշխող ուժի արբանյակներ, լուռ են, ինչպես ձուկը ջրում, ո՛չ լսում են, ո՛չ տեսնում, ո՛չ էլ խոսում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը