Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի ձերբակալությունը։ Նա ազատ է արձակվել: Արա Սաղաթելյանը ձերբակալվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի կասկածանքով՝ օրենքով սահմանված կարգի խախտման հավաքներ կազմակերպելու համար։
ՁՊՎ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Ինձ բերման ենթարկելը ոչ միայն իրավաչափ չէր, այլ նաև ողջամիտ չէր: Ինձ բերման ենթարկելու մեջ ես տեսնում եմ իմ անձի դեմ ուղղված համատեքստ: Այն կասկածանքն, որ ինձ առաջադրել են՝ հանրահավաքի կազմակերպում, կառավարում և այլն, իրականությունից չի բխում, և կան բազմաթիվ ապացույցներ: Իրավապահ մարմինների գործողությունների մեջ ես տեսնում եմ նպատակաուղղվածություն: Ավելի քան վստահ եմ, որ իրենց գործողությունները ուղղորդված էին իմ անձի դեմ՝ երկրի քաղաքական ղեկավարության կողմից, որոնց մեջ կան անձիք , որոնք մտասևեռվածություն ունեն իմ անձի հետ կապված և սա առաջին գործողությունը չէ, որ իրականացվում է իմ դեմ»:
Արա Սաղաթելյանը նշեց, որ շարունակելու է մասնակցել վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքին, ընդգծելով, որ ձերբակալությունը ապօրինի է եղել և իրեն որևէ մեկը չի ներկայացրել օրինական պահանջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը