Անհետ կորած զինվորի հարազատներից գումար հափշտակած անձը խոստովանական ցուցմունք է տվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ Քննչական դեպարտամենտի պետի տեղակալ Վազգեն Ավետիսյանը։
«ՀՀ քաղաքացին կարող է իրեն թույլ տալ նման քայլ, հաշվի չառնելով այն համընդհանուր մոտեցումը, բոլորիս հոգատար վերաբերմունքը զինծառայողների նկատմամբ, որոնք առաջնագծում պատերազմում են եւ զոհվում հանուն Հայաստանի Հանրապետության ապագայի։ Խարդախներն անգամ այդ հանգամանքն անտեսելով՝ իրենց շահի համար կարող են դիմել ամենածայրահեղ քայլին»,- ասաց Վազգեն Ավետիսյանը։
Նա հայտնեց, որ այդ անձը պատահական խարդախ չէ. մի քանի անգամ խարդախություններ կատարող է եղել. «Ներկայացել է ԱԱԾ աշխատակից եւ նման քայլի դիմել, ինչը, բարեբախտաբար, կանխվել է։ 3 հազար ԱՄՆ դոլարի մի մասը ստանալու պահին բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից։ Ձերբակալվելու պահին մենք արդեն իսկ հաղորդագրությունը տարածել ենք, ներկայումս անձը կալանավորված է»։
Վազգեն Ավետիսյանը հայտնեց, որ իր տեղեկություններով՝ այդ անձի գործողություններից տուժած այլ անձինք նույնպես կան. «Բոլորին հորդորել ենք՝ դիմել ԱԱԾ կամ այլ մարմիններ։ Նախաքննական մարմնին դեռեւս այդ դիմումները չեն հասել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը