Antifake.am-ը հետաքննական նախաձեռնութուն է սկսում։ Այս մասին տեղեկանում եք AntiFake.am-ի ֆեյսբուքյան էջից։
«Այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տոնում են մեր անկախ պետականության 29-ամյակը։ Մեր երկրի համար մեծ նշանակություն ունեցող այս իրադարձության օրը նաեւ կարեւոր հանձնառություններ ստանձնելու օր է։
Ցավոք, մեր հանրային ինստիտուտները դեռ շատ հեռու են ամուր պետականություն եւ լիարժեք ժողովրդավարություն կերտելու համար անհրաժեշտ վիճակից, եւ անհրաժեշտության ու իրականության միջեւ հեռավորությունը գնալով մեծանում է։ Այս կապակցությամբ հատկապես առաջնային է դատական համակարգի առողջացումն ու կայացումը, քանի որ (1) հանրության մեջ հստակորեն առկա է արդարության վճռական պահանջ, իսկ արդարության վերին ատյանը հենց անկախ դատարանն է, (2) դատավորների անկախությունը լուրջ հարցեր էր հարուցում դեռ նախքան 2018 թվականը, իսկ ներկայում՝ «վնգստալու» հայտնի հրապարակային հրավերից հետո, իրավիճակը շատ ավելի է վատացել, (3) դատավորները պաշտոնավարում են տասնամյակներով, եւ նրանց հնարավոր չէ փոխել ո՛չ հեղափոխություններով եւ ո՛չ էլ հերթական ու արտահերթ ընտրություններով:
Իրավիճակը շտկելու ամենաարդյունավետ ճանապարհը անհատականացված ու թիրախային մոտեցումն է՝ հանրային իրազեկվածություն ապահովելու եւ դրա հիման վրա հանրային ճնշում բանեցնելու ու իրավական գործիքակազմ կիրառելու միջոցով։ Ուստի AntiFake.am-ը սկսում է «Անիրավ դատավոր» հետաքննական նախաձեռնությունը, որի շրջանակներում հրապարակելու ենք իշխանությունների կամակատար «անիրավ դատավորների» մասին հանրությանը հետաքրքրող տեղեկություններ՝ սկսած կասկածելի ունեցվածքից ու բիզնեսներից, վերջացրած կախվածություն ստեղծող կապերով։ Նշված հրապարակումների հիման վրա ձեւավորվելու է անիրավ դատավորների ցուցակ, որը կանվանակոչվի առավել աչքի ընկնող անիրավ դատավորներից մեկի պատվին։ Միեւնույն ժամանակ, հրապարակումները թարգմանվելու եւ ուղարկվելու են շահառու միջազգային կառույցներին, ինչպես նաեւ դրանց հիման վրա նախաձեռնվելու են իրավական գործընթացներ։
ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր ներդրումն ունենալ անիրավ դատավորներին հանրության առջեւ մերկացնելու մեր նախաձեռնության մեջ։ Իրազեկե՛ք մեզ եւ մենք կիրազեկենք բոլորին»,- ասվում է ֆեյսբուքյան էջում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը