11 09 2020

Հասունացել է ՀՔԾ պետի և գլխավոր դատախազի հրաժարականների ժամանակը

Հասունացել է ՀՔԾ պետի և գլխավոր դատախազի հրաժարականների ժամանակը

Արդեն երկու տարի է մարտի 1-ի քրեական գործը մեր կյանքի անբաժանելի մասն է. Այն սկսվեց «... արդեն իսկ բացահայատված է հայտարարությամբ» և տոտալ քարոզչությամբ,  շարունակվեց դատարանների շրջափակմամբ, գաղտնալսման սկանդալով, Սահմանադրական դատարանի յուրացման փորձերով, անհնազանդ դատավորների հանդեպ բռնաճնշումներով,  կամակատար դատավորների համակարգի ստեղծումով և այլն։ Այսօր հասել ենք այս տրամաբանական շղթայի սպառմանը։ Սա նշանակում է՝ այս դատավարությունը դուրս է հասարակական օրակարգից, այն չի հետաքրքրում հասարակությանը, քարոզչությունը չի աշխատում, դատական համակարգի անաչառությանը ոչ ոք չի հավատում, իսկ բուն դատական պրոցեսը չունի ոչ մի հեռանկար...

Բարձր էյֆորիկ ալիքը իշխանության հետ արդեն սկսել է խաղալ իր չար կատակը։ Այն, ինչը իշխանությունը մինչև վերջին կաթիլն օգտագործեց իր շահի համար, հիմա աշխատում է իր դեմ։ Հարցը եկավ հասավ իր սպառման կետին. Ինչ անե՞լ։ Կարելի է շարունակել ևս մի քանի ամիս, բայց միևնույն է անկհայտորեն լուծումներ են պետք։

Ի սկզբանե պարզ էր, որ մարտի մեկի դեպքերի, սպանությունների բացահայտման անվան տակ իրականացվող նախաքննությունը գնում էր սխալ առաջադրված մեղադրանքի ճանապարհով: Մենք այդ մասին բազմիցս նախազգուշացրել էինք։ Չէր կարելի մարտի 1-ի գործը նեղացնել, սահմանափակել սահմանադրական կարգի տապալման անհասկանալի, խիստ վիճելի հոդվածով։ Ակնհայտ էր, որ ՀՔԾ-ի և դատախազության որոշումը ՝ մեղադրանք առաջադրել սահմանադրական կարգի տապալման համար, ի սկզբանե քաղաքական որոշում էր և դատապարտված էր ձախողման։ Իսկ մարտի մեկի զոհերի հարազատները, ծնողները այս գործի շրջանակներում չէին ստանալու իրենց որդիների մահերի վերաբերյալ հարցի պատասխանը։ Հասարակությունը չէր ստանալու որևէ  պարզաբանում՝ ի՞նչ եղավ, ինչո՞ւ եղավ։

Քննվող գործն, ըստ էության, մարտի մեկի զոհերի հետ անմիջական կապ չունի, և զոհերի հարազատները քրեական գործի առանձնացած այս մասով դատական պրոցեսում անելիք չունեին։ Բայց նրանց երկու տարի շարունակ խաբել են, հուսադրել՝ այս նիստում չէ, հաստատ մյուսում կստանաք ձեր հարցերի պատասխանները։

Հիմա Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդները որոշեցին դադարեցնել մասնակցությունը դատական նիստերին՝ մեղադրելով դատախազությանը՝ բավարար կամք և ջանքեր չգործադրելու համար։ Պաշտպանական կողմը ևս գտնում է, որ ՀՔԾ-ն և դատախազությունը իրականացրել են քրեական գործի թերի քննություն։ Ստացվում է մի իրավիճակ, երբ և տուժողները, և պաշտպանական կողմը մեղադրում է իրավապահներին, իսկ իշխանությունը հայտնվել է իր իսկ կողմից ստեղծած ծուղակում։

Եվ թեև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2018 թվականին հայտարարել էր, որ մարտի 1-ի գործը, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է, պարզվեց, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Իրականությանը չէր համապատասխանում նաև մարտի 1-ի 10 զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանությունը ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի կողմից կատարված լինելու վարկածը, որքան էլ վարչապետն այդ լուրն իմանալուց հետո «էմոցիոնալ պահեր» ապրեր։

Իսկ առաջիկայում էմոցիոնալ պահեր ապրելու են ՀՔԾ-ն, դատախազները, որոշ դատավորներ. շատ լուրջ և շատ զգայուն էմոցիոնալ պահեր։ Ժամանակակից աշխարհում կա հստակ խաղի կանոն. չի կարելի խաբել ժողովուրդներին։ Մի պահից այդ մեխանզիմը սկսում է աշխատել քո դեմ։ Եվ կարևոր չէ՝ դա քաղաքական, թե իրավական խաբեություն է։ Դա չար մեխանիզմ է, և ամեն կերպ պետք է խուսափել դրանից։

Մարտի մեկի գործով առանցքային հարցերը բացահայտված չեն, որովհետև ի սկզբանե մարտի մեկի դեպքերի, սպանությունների բացահայտման անվան տակ իրականացվող նախաքննությունը գնաց սխալ առաջադրված մեղադրանքի ճանապարհով: Չեն կարողանում իրավապահները, կամ միգուցե չեն ուզում, դժվար է ասել, սակայն տպավորություն է, որ մարտի մեկի ՀՀ տասը քաղաքացիների սպանությունների բացահայտման համար ոչինչ չի արվում։ Քննությունը նման խնդիր չէր դրել, և ուրվագծվում է շատ կոնկրետ հարց. իսկ արդյո՞ք, իշխանությունները  շահագրգիռ են մարտի 1-ի իրական բացահայտմամբ։

ՀՔԾ-ն, դատախազությունը, հանրության էյֆորիան, Փաշինյանի քաղաքական սխալ հաշվարկը տարան մարտի 1-ի գործի տապալման։ Իշխանությունը ներգրավեց ավանդաբար հնազանդ իրավապահ համակարգը՝ իր բոլոր բաղադրիչներով, իսկ նրանցից որևէ մեկը համարձակություն չունեցավ զգուշացնել սխալ ընտրված ճանապարհի մասին։ Անհեռանկար քրեական գործը, թշնամանքն ու ներքին պառակտումները, ինչպես սովորաբար արվում է, արդարացվեց ժողովրդի պահանջով. էյֆորիայի, շոկի մեջ գտնվող ժողովուրդն ինքնուրույն չէր մտածում։ Իսկ մենք գիտենք, որ ժողովրդական պահանջի ցուցիչները շատ անցողիկ են. զգացմունքները թուլանալու, վերափոխվելու հատկություն ունեն։

Փաշինյանը սխալվեց իր հաշվարկներում, թե այդ ճանապարհով իր իշխանությունը կուժեղանա։ Տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Այսօր արդեն չկա թե՛ երկու տարի առաջվա մթնոլորտը, թե՛ հակումը՝ ամեն ինչ հալած յուղի տեղ ընդունել։

Սխալ էին նաև հաշվարկները միջազգային արձագանքի առումով։ Ե՛վ ՄԻԵԴ-ը, և՛ Վենետիկի հանձնաժողովը արձանագրեցին խնդիրներ քրեական օրենսգրքի այն հոդվածներում, որոնցով մեղադրանք է առաջադրվել մարտի 1-ի գործով։Եվ առաջիկայում ևս լինելու են անակնկալ վճիռներ։

Հիմա եկել է լուծումներ գտնելու պահը.

Նախ անհրաժեշտ է դադարել շարժվել հասարակությանը մշտապես լարվածության, սթրեսի և ներքին պառակտումների մեջ պահելու ճանապարհով, հատկապես, որ վերջին ժամանակահատվածում Էմոցիաների վաճառքի մեթոդն այլևս նույն արդյունավետությամբ չի գործում։

Երկրորդ. Հասունացել է ՀՔԾ պետի և գլխավոր դատախազի հրաժարականների ժամանակը։ Չպետք է տարբերակում դրվի այս մարմինների պատասխանատվության աստիճանի միջև։ Որքան էլ այսօր պետական մարմինները փորձեն պատասխանատվությունը միմյանց վրա բարդել, երկուսն էլ ունեն իրենց բաժինը մարտի 1-ի քննությունը տապալելու, գործի քննության օբեյկտիվությունը քաղաքական պատվերին ստորադասելու, իշխանական և սոցցանցային տրենդին տեղի տալու հարցում։

Երրորդ. Պետք է արձանագրել, որ գործի վարույթը ենթակա է կարճման։ Չի կարող տարիներով ձգձգվել սահմանադրական կարգի տապալման անհեռանկար, քրեական օրենսգրքի խիստ վիճելի հոդվածներով առաջադրված մեղադրանքը։ Որևէ դատարան չունի հնարավորություն այս գործով վերջնական դատական ակտ կայացնելու, որովհետև գործը դատարան է ներկայացվել թերի, խախտումներով, հակասահմանադրական գործողությունների արդյունքում։ Այս գործը մի օր պետք է կարճվի։ Որքան շուտ, այնքան ավելի հեշտ կլինի հաղթահարել անկանխատեսելի հետևանքները։

Չորրորդ. Մարտի 1-ի լուծման կարևորագույն ուղղությունը պետք է լինի իրական և, ոչ շահարկվող, հարգանքը  զոհերի ընտանիքներին և սպանությունների մեղավորների բացահայտումը։  Պետք է դադարել օգտագործել զոհերի ընտանիքների վիշտը։  Դա կլինի իրական հարգանքը զոհերի հիշատակին։ Մարտի 1-ի հուշարձանը պետք է բացվի ներքին համերաշխության մթնոլորոտում՝ թեկուզ չհայտարարված, բայց տեսանելի։ Հակառակ դեպքում դարձյալ գործ կունենանք վշտի պարզ շահարկման հետ։

Եվ վերջում, պետք է վերհանել մարտի 1-ի իրադարձությունների խորքային պատճառները, խոսել դրանց մասին։ Պետք է անցնել դժվար խոսակցության փուլը, որը կարող է դուր չգալ տարբեր շրջանակների։ Բայց այդպես են հասարակությունները ձեռք բերում նոր ողբերգություններ թույլ չտալու ունակություն։

 Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ