07 09 2020

Դիմակ չկրելու համար կազմվել է շուրջ 2,5 մլն դոլարի արձանագրություն․ Փաստինֆո

Դիմակ չկրելու համար կազմվել է շուրջ 2,5 մլն դոլարի արձանագրություն․ Փաստինֆո

Փաստինֆո-ն գրում է․ «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրություն հայտարարելու պահից մինչեւ հուլիսի 30-ը ներառյալ դիմակ չկրելու համար կազմվել է 118259 արձանագրություն։

Այս թիվը պաշտոնապես «Փաստինֆո»-ին է տրամադրել ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնը՝ գրավոր հարցմանն ի պատասխան՝ նշելով, որ դիմակ չկրելու համար արձանագրությունը կազմվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 1.1 մասի հատկանիշներով։ Նշենք, որ նշված հոդվածով նախատեսվում է տուգանք՝ 10.000 դրամի չափով։ Ասել է թե՝ դեռեւս հուլիսի 30-ի դրությամբ ՀՀ քաղաքացիները դիմակ չկրելու համար տուգանվել են 1.182.590.000 ՀՀ դրամի չափով, որը համարժեք է շուրջ 2, 5 մլն դոլարի։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ պարզելու, թե արտակարգ դրության պայմաններում դիմակ չկրելու համար քանի վարչական արձանագրություն է կազմվել, տուգանքը բռնագանձելու վերաբերյալ քանի հայցադիմում է ներկայացվել դատարան՝ ընդհանուր առմամբ որքան գումարի պահանջով եւ կազմված արձանագրություններից քանիսն են կարճվել։ Առանձին հարցով խնդրել էինք նշել, թե պարետի կողմից սահմանված հակահամաճարակային կանոնները տնտեսվարող սուբյեկտների կողմից չկատարելու համար քանի վարչական արձանագրություն է կազմվել եւ տուգանքը բռնագանձելու վերաբերյալ քանի հայցադիմում է ներկայացվել դատարան՝ որքան գումարի պահանջով։

«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ոստիկանությունից հայտնել են, որ ՀՀ-ում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրություն հայտարարելու պահից մինչեւ 30. 07. 2020թ ներառյալ ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 1.1-րդ մասի (դիմակ չկրելու համար) հատկանիշներով նախատեսված իրավախախտում կատարելու համար կազմվել է 118.259 արձանագրություն, որոնց դեմ 03.08.2020թ դրությամբ ՀՀ ոստիկանությունում ստացվել է 1137 բողոք, որից բավարարվել է 82-ը, մերժվել՝ 491-ը։

Ինչ վերաբերում է արդեն իսկ գանձված գումարի չափի վերաբերյալ հարցին, ապա ոստիկանությունից հայտնել են, որ վարչական ակտերով տուգանքների գանձումները կատարվում են դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով, երբ լրանում է դրանց բողոքարկման ընթացակարգերը։ Սեպտեմբերի 1-ի դրությամբ արդեն ԴԱՀԿ է ուղարկվել 3126 վարչական ակտ։

Նշված ժամանակահատվածում ֆինանսատեխնիկական գործունեության առանձին տեսակների իրականացման սահմանափակումները խախտելու հատկանիշներով կազմվել է 269 արձանագրություն, որից 106-ով կայացվել են վարչական տուգանք նշանակելու մասին որոշումներ։

Արտակարգ դրության պայմաններում պարետի որոշմամբ արգելված հավաքներին մասնակցելու համար բերման է ենթարկվել 709 անձ, որոնցից 703-ի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, որոնցից միայն 94-ի վերաբերյալ նախապատրաստված նյութերն են ուղարկվել ՀՀ վարչական դատարան՝ վարչական պատասխանատվության հարցը լուծելու համար՝ 4. 700. 000 ՀՀ դրամի չափով։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ