25 08 2020

Պետությանը պատճառվել է 54 մլն 550 հազար դրամի վնաս․ Ոստիկանություն



ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Տաթևիկ» ՍՊ ընկերությունը 2002 թվականի հոկտեմբերին վավերացված առուվաճառքի պայմանագրով «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերությունից ընդհանուր 48 միլիոն դրամով սեփականության իրավունքով ձեռք է բերել կոմբինատի տարածքում գտնվող, 738,7 քմ մակերեսով գինիների պահման նկուղը և 130,5 քմ մակերեսով արհեստանոցի շինությունը, իսկ 2006-ի հունվարին «Տաթևիկ» ընկերությունը գրավոր համաձայնություն է տվել նույն ԲԲ ընկերության կողմից համայնքային սեփականություն հանդիսացող, կոմբինատի սպասարկման 45601 քմ հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելուն՝ հետագայում սերվիտուտի` համատեղ օգտագործման, պայմանագիր կնքելու պայմանով:

Այնուհետև, «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի տնօրինության իրավասու անձինք իրենց կարգադրիչ լիազորություններն իրենց օգտին օգտագործելով, առանց սեփականատիրոջ իմացության ու պատկան մարմինների կողմից տրվող համապատասխան թույլտվությունների և կապալի պայմանագրերի կնքման, իր միջոցներով 2004 թվականից կազմակերպել են «Տաթևիկ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 130,5 քմ մակերեսով արհեստանոցի շինության քանդման և նույն տեղում ընդհանուր 4545,9 քմ մակերեսով մասնաշենք-աշտարակի կառուցապատման աշխատանքները, որոնք ավարտվել են 2009 թվականին:

Միաժամանակ, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի իրավասու պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց լիազորությունները, վերը նշված գործառույթների ընթացքում կատարված փաստացի չափագրումների շրջանակներում չեն արձանագրել «Տաթևիկ» ընկերությանը պատկանող անշարժ գույքերի առկայությունը, դրանց տվյալները չեն ներառել «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի անշարժ գույքի սեփականանության իրավունքի գրանցման վկայականում, իսկ Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք, իրենց հերթին, նույն դրդապատճառներով, չեն արձանագրել արտադրական նշանակության մասնաշենք-աշտարակի ինքնակամ կառուցապատման փաստը, չեն ձեռնարկել օրենքով իրենց վերապահված համապատասխան միջոցներ՝ ապօրինի շինարարությունը ժամանակին դադարեցնելու, այն քանդելու, իրավախախտ անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու կամ դրանք Կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» 2006 թվականի մայիսի 18-ի որոշմամբ սահմանված կարգով օրինականացնելու ուղղությամբ։ Փոխարենը՝ արդեն իսկ կառուցված շինության պայմաններում, Երևանի քաղաքապետի կողմից 2011թվականի օգոստոսին 20 ամիս ժամկետով տրվել է մասնաշենք-աշտարակի շինարարության թույլտվություն, իսկ դրանից ընդամենը 2 ամիս անց կազմվել է մասնաշենք-աշտարակի շինարարության շահագործման փաստագրման բովանդակությամբ կեղծ ակտ, որտեղ որպես կառուցապատող ձևական նշվել է մի ընկերության անվանում։

Շինարարության շահագործման փաստագրման ակտը ներկայացվել է համապատասխան մարմիններին՝ ստորագրման և հաստատման, որի հիման վրա էլ կադաստրի համապատասխան ստորաբաժանման կողմից նորակառույց մասնաշենք-աշտարակը 2011թվականին գրանցվել է «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի սեփականություն: Հիշյալ ապօրինությունների հետևանքով «Տաթևիկ» ընկերությանը պատճառվել է ոչնչացված արհեստանոցի շինության արժեքի, իսկ պետությանը՝ ինքնակամ կառույցի օրինականացման համար նախատեսված 54 միլիոն 550 հազար դրամի՝ առանձնապես խոշոր չափերով գույքային վնասներ:

Դեպքերի առթիվ ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ