21 08 2020

Հեռուստալրագրողին, նրա եղբորը և հորը դանակահարողին կալանավորել են

Հեռուստալրագրողին, նրա եղբորը և հորը դանակահարողին կալանավորել են

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կալանավորվել է հեռուստալրագրող Գարիկ Հարությունյանին, վերջինիս եղբորն ու հորը դանակահարող տղամարդը։

«2020թ. օգոստոսի 9-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի շենքերից մեկի բակում Երևանի 43-ամյա բնակիչը դանակով հարվածներ է հասցրել հեռուստալրագրողի, նրա հոր և եղբոր մարմնի տարբեր մասերին։ Այդպիսով՝ տղամարդը դիտավորությամբ պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս»,–նշված է հաղորդագրության մեջ։

43-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին կետով: Վերջինս կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ խոսքը «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավար Գարիկ Հարությունյանի մասին է։

Ավելի վաղ Հարությունյանը Facebook սոցցանցի իր էջում գրել էր, որ դանակահարողը իրենց դիմացի հարևանն է։ Նա հայտնել էր, որ գիշերով հարևանը վիճել ու դանակահարել է հորը. 2 հարված թևին, 3 հարված որովայնին։ «Հայրս չի հասկացել, որ դանակահարված է։ Աղմուկից հետո տանից դուրս ենք եկել եղբայրս ու ես։ Նրա հետ բախումից հետո ինձ նույնպես թվացել է, որ կրծքավանդակիս ստացած հարվածը ձեռքով է եղել։ Բայց իրականում նույն դանակով խփել է նաև ինձ։ Հետո այդ մարդը հասցրել է դանակով հարվածել նաև եղբորս որովայնին»,–գրել էր Հարությունյանը։

Նա ասել էր, որ, ամեն դեպքում, ատելություն ու թշնամանք չեն զգում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ