Փաստինֆո-ն գրում է․ Տարակուսելի է, որ մեր փոքրիկ երկրի համար հակակոռուպցիոն հարցերով մասնագիտացված առանձին դատարան ենք ստեղծում։ Մեզ առաջին հերթին պետք է դատարանները բեռնաթափել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը։
Նշենք, որ Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան։ Արա Ղազարյանը նկատեց՝ նախ պետք է մտածել ընդհանուր իրավասության դատարանները բեռնաթափելու ուղղությամբ, քան հակակոռուպցիոն դատարան ստեղծելու մասին. «Մենք փոքրիկ երկիր ենք, ճիշտ է՝ կոռուպցիան տարածված է, բայց ԱՄՆ չենք, բազմաթիվ հանցավոր սխեմաներ և այլն չկա։ Վստահ չեմ՝ մեզ անհրաժեշտ է մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան, թե ոչ։
Առաջին հերթին անհրաժեշտ է դատարաններին բեռնաթափել, դատավորների թիվը մեծացնել, միջանկյալ դատական ակտերի համար առանձին մասնագիտացված դատարան ստեղծել, որի մասին արդեն 15 տարի է խոսում ենք։ Այդկերպ գոնե քրեական գործերով դատավորները մի քիչ կբեռնաթափվեն։ Հակառակ դեպքում իրենց բեռն աճում է։ Մի դատավորի ձեռքին 84 գործ է լինում, ես իմ գործով 3-4 ամիսը մեկ եմ դատական նիստ ունենում, այսինքն` տարվա մեջ 3-4 նիստ եմ ունենում, ինչը նորմալ չէ»,-նշեց Արա Ղազարյանը՝ ընդգծելով, որ առաջին հերթին պետք է հրատապ հարցը լուծել։ Փորձագետը գտնում է՝ այդ ռեսուրսները, որոնք պետք է օգտագործվեն հակակոռուպցիոն դատարանը ստեղծելու նպատակով, կարող են միջանկյալ դատական ակտերի համար նախատեսված մասնագիտացված դատարան ստեղծել.
«Բնակարանի խուզարկության թույլտվություն, կալանավորման թույլտվություն, օպերատիվ-հետախուզական միջոցառում կիրառելու վերաբերյալ թույլտվություն և նման դատական ակտերի համար եթե առանձին մասնագիտացված դատարան ստեղծվի, դատավորների բեռը երևի 30-40 տոկոսով կնվազի։ Բացի այդ կբարձրանա նաև որակը, որովհետև դատավորն արդեն ավելի շատ ժամանակ կունենան, ավելի խորացված հետազոտություններ կանեն, իսկ հիմա նրանք մի կերպ են հասցնում հիմնական դատական գործերը»,-նշեց Արա Ղազարյանը։
Վերջինս նկատեց՝ այժմ նույնպես դատավորները քննում են կոռուպցիոն գործեր։ Գուցե այդ արատավոր երևույթի համար մասնագիտացված դատարան ունենալու կարիք կա, բայց դա առաջնահերթ խնդիրը չէ։ Փորձագետի կարծիքով՝ դատական համակարգում առաջին խնդիրն այսօր դատաքննության ժամկետների ողջամտությունն է։ Ժամկետները երկար են, ինչն էլ դատավորի ծանրաբեռնվածությունից է գալիս. «Մենք համակարգային փոփոխություն արեցինք, վերացրեցինք տարածքային դատարանները, ստեղծեցինք Երևանի մեկ դատարան, որ դատավորները հավասարաչափ ծանրաբեռնվեն և դրանով փորձ արվեց թեթևացնել դատավորների բեռը, բայց դա էլ չօգնեց։ Ծանրաբեռնվածությունը շարունակում է աճել, ինչը նշանակում է՝ պատճառներն ուրիշ տեղ են։ Եվրոպական ինդեքսով մեզ մոտ դատավորների թիվը վեց անգամ նվազ է միջին եվրոպականից։
Դա նշանակում է՝ մեկ դատավորը վեց անգամ շատ է աշխատում, քան օրինակ ֆրանսիացի դատավորը և դրանով հանդերձ էլ չեն կարողանում ապահովել պատշաճ արագություն։ Մեր դատավորները վեց անգամ ավելի ծանրաբեռնված են աշխատում և առաջին հերթին այդ հարցն է պետք լուծել, ոչ թե նորից դատարան ստեղծել»,-ասաց փորձագետը։
Նախարարության առաջարկած փաթեթով նախատեսվում է հակակոռուպցիոն դատարանի դատավորներին ավելի բարձր վարձատրել։ Արա Ղազարյանը չի կարծում, որ այս դրդապատճառն օբյեկտիվ է. «Ամենայն հավանականությամբ այստեղ խտրականության էլեմենտ կա։ Հասկանալի է՝ գուցե նկատի ունեն, որն նրանց ռիսկն ավելի մեծ է, բայց չգիտեմ՝ ինչու են որոշել նման բան անել»,-նշեց Արա Ղազարյանը՝ հավելելով, որ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է ելույթ ունենա և առաջարկություններ ներկայացնի։ Արա Ղազարյանի խոսքով փաստաբանի ու դատավորի խնդիրը սրանով չի լուծվելու։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը