28 07 2020

Դատարանը թույլ չտվեց Յուրի Խաչատուրովին երկու օրով լքել ՀՀ սահմանը

Դատարանը թույլ չտվեց Յուրի Խաչատուրովին երկու օրով լքել ՀՀ սահմանը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդեց, որ թույլ տան Խաչատուրովին լքել ՀՀ սահմանը։

Փաստաբանն ասաց, որ Խաչատուրովը ծնվել է Վրաստանում՝ Թեթրի Ծղարոյում, նրա ծնողներն ու եղբայրը հուղարկավորված են այնտեղ ու Խաչատուրովը 2018 թվականի նոյեմբերից չի եղել այնտեղ։

Միհրան Պողոսյանը խնդրեց թույլ տալ ընդամենը երկու օրով Խաչատուրովը լքի ՀՀ սահմանը։

Դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ կորոնավիրուսի պայմաններում ՀՀ վերադարձող յուրաքանչյուր քաղաքացի պետք է 14 օր մեկուսանա։

«Յուրաքանչյուր սահմանահատման թույլտվություն տալու դեպքում դատարանը պետք է գնահատի մի կողմից ամբաստանյալի կողմից դատարան ներկայանալուն խոչընդոտելու հանգամանքը, մյուս կողմից՝ դատարանը պետք է գնահատի այն փաստարկումը, որը դրված է մեկնման անհրաժեշտության հիմքում, մասնավորապես, այդ փաստարկումը պետք է լինի այնքան ծանրկաշիռ, որ գերակշռի դատարան չներկայանալու ռիսկը, տվյալ պարագայում, դատարանն ակնհայտ հանգամանքներ է արձանագրում, որոնք կարող են խոչընդոտել Խաչատուրովի՝ դատարան ներկայանալուն», - ասաց Աննա Դանիբեկյանը՝ ավելացնելով, որ այս պահին նպատակահարմար չի գտնում թույլատրել Խաչատուրովին լքել ՀՀ սահմանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ