05 05 2020

12-ժամյա ձևական նշանակումը՝ սահմանադրագետի մեկնաբանությամբ․ 168.am

12-ժամյա ձևական նշանակումը՝ սահմանադրագետի մեկնաբանությամբ․ 168.am

168․am-ը գրում է․ «Արգիշտի Քյարամյանի` մեկ օրով, նույնիսկ` 12 ժամով ՔԿ նախագահի տեղակալ լինելը, ու դրանից հետո՝ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ նշանակվելը բուռն քննարկումների արժանացավ: Կա տեսակետ, թե ՔԿ-ում 12-ժամյա «պաշտոնավարումն» արվեց, որպեսզի օրենսդրորեն հնարավոր լինի ԱԱԾ տնօրենի տեղակալի նշանակումը:

Այսինքն՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելու համար ձևական միջանկյալ նշանակում են կատարել, որպեսզի արտաքուստ պահպանեն «Ազգային Անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի պայմանները։

Մի խոսքով` դրանք ձևական նշանակումներ են. պաշտոնյաներն անգամ շենք չեն մտնում. հուսալի անձանց նշանակելու պատրվակով ձևական նշանակումներ են կատարում, անգամ` արտահերթ կոչում շնորհում (տվյալ դեպքում՝ գնդապետի), և այդպիսով կոմեդիան ավարտվում է:

Կան կառավարության որոշումներ, որոնք սահմանում են, թե տարբեր գերատեսչությունների որ պաշտոններն ու կոչումներն են համադրվում։

168.am-ի հետ զրույցում Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը պարզաբանեց, որ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումն զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն 3 տարի զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում:

«Միևնույն ժամանակ, նույն հոդվածը սահմանում է, որ ԱԱԾ-ում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ոստիկանության, փրկարար ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների ծառայողներ, դատախազներ, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք (այդ թվում՝ նշված մարմիններում և պաշտոններում նախկինում ծառայած կամ աշխատած անձինք), ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների պահեստազորի սպաներ, որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները, իսկ պետական մարմինների և ազգային անվտանգության ծառայության պաշտոնների համապատասխանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ակնհայտ է, որ Քննչականի կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում նշանակումը պայմանավորված էր վերոնշյալ օրենքի պահանջների բավարարմամբ, որպեսզի հնարավոր լիներ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակումը»,- հավելեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ