01 04 2020

Արամ Վարդևանյանն ընդդեմ Արդարադատության նախարարության հայցադիմումն այսօր չի քննարկվի. «Փաստինֆո»

Արամ Վարդևանյանն ընդդեմ Արդարադատության նախարարության հայցադիմումն այսօր չի քննարկվի. «Փաստինֆո»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն ընդդեմ Արդարադատության նախարարության հայցադիմումն այսօր քննության առարկա չի դառնա: Փաստաբան Արամ Վարդևանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ, քանի որ անհետաձգելի և հիմնարար իրավունքների, ինչպես օրինակ՝ անձնական ազատության հարց Վարչական դատարանում չի քննարկվելու , ուստի՝ ստեղծված իրավիճակում տեղին է հետաձգել դատական նիստը:

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել էր, որ Արամ Վարդևանյանը դիմում էր ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարին՝ պահանջելով կարգապահական վարույթ հարուցել դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ, ինչը նախարարությունը մերժել է եւ 14.11.2019թ. գրությամբ այդ մասին տեղեկացրել փաստաբանին՝ առանց պատճառաբանություն նշելու։ Փաստաբանը պահանջում է դատարանից պարտավորեցնել Արդարադատության նախարարությանը՝ իր ներկայացրած հաղորդմանը պատշաճ և պատճառաբանված պատասխան ներկայացնելուն: Վարչական դատարանը՝ դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել հայցադիմումը։ Դատական առաջին նիստը նշանակվել էր ապրիլի 1-ին՝ ժամը 15:00-ին:

Հիշեցնենք, որ 2019թ․ հունիսի 25-ին դատավոր Արմեն Դանիելյանը բեկանեց Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի դիմելու եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, կայացված որոշումները եւ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացրեց։ Դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննարկման ընթացքում դատավոր Ա.Դանիելյանը պաշտպանական կողմին զրկել էր դիրքորոշում հայտնելու հնարավորությունից, ինչը գնահատվեց որպես մրցակցային դատավարության սկզբունքի խախտում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ