28 03 2020

Վիտալի Բալասանյանի՝ վարչական ռեսուրսի օգտագործման ահազանգը ստուգվում է

Վիտալի Բալասանյանի՝ վարչական ռեսուրսի օգտագործման ահազանգը ստուգվում է

31.03.2020թ. նախատեսված Արցախի համապետական ընտրություններում նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի ֆեյսբուքյան էջում մարտի 28-ին տեղեկատվություն էր հրապարակվել ԱՀ պետական կառավարման համակարգի աշխատակիցների կողմից ընտրողների կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Գլխավոր դատախազությունը։

Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Նկատի ունենալով, որ հիշյալ տեղեկատվությունն առերևույթ պարունակում է ԱՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ուստի նույն օրը ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից ԱՀ ոստիկանությանը տրվել է վերոհիշյալ հրապարակման կապակցությամբ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով ստուգումներ կատարելու հանձնարարություն»։

Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանն ահազանգել էր․  «Այսօր մեզ հասած տեղեկություններով հայտնի դարձավ, որ ուժային կառույցների, տարբեր նախարարությունների, մասնավորապես ֆինանսների նախարարություն ենթակայության տակ գտնվող հարկային մարմինների միջոցով ահաբեկում են տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցներին, վախեցնելով, որ ընտրություններից հետո հարկային ստուգումներ են ձեռնարկելու այն կազմակերպություններում, որոնց աշխատակիցները չեն քվեարկի իշխանության թեկնածու՝ Արայիկ Հարությունյանի օգտին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ