27  03  2020

ՄԻՊ-ում ուսումնասիրում են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի դիմումը․ Panorama.am

ՄԻՊ-ում ուսումնասիրում են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի դիմումը․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «ՄԻՊ աշխատակազմում դեռ ուսումնասիրում են՝ երեք օր առաջ իրենց ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի դիմումը։

«Դիմումն ուսումնասիրման փուլում է։ Այս պահին ավել ինֆորմացիա չեմ կարող փոխանցել»,-Panorama.am-ին ասաց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ փաստաբան Արամ Վարդևանյանը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին։

Երկու գրություններն էլ վերաբերում են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացված՝ Ռ․ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը քննելու շուրջ ստեղծված իրավիճակին։

ՄԻՊ-ին ուղղված դիմումի մեջ Վարդևանյանը նշել է, որ ներկայացված միջնորդության շուրջ ստեղծված վիճակը Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտման հերթական դրսևորումն է, և անհրաժեշտ է դրա հետ կապված անհապաղ գործողություններ ձեռնարկել։

ԲԴԽ-ին ուղղված դիմումի մեջ Արամ Վարդևանյանն արձանագրել է ստեղծված իրավիճակի համակարգային խնդիրը։ Մարտի 24-ին պաշտպանը ևս մեկ անգամ կապ է հաստատել դատարանի աշխատակազմի հետ, որտեղ նրան կրկին պատասխանել են, որ դատավոր Աննա Դանիբեկյանը վատառողջ է և այլ տեղեկության չեն տիրապետում։

ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեցին՝  Վարդևանյանի՝ խորհուրդին ուղղված դիմումը վերահասցեագրվելու է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին։

«Նշված հարցի լուծումը գտնվում է Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի և դատավոր Աննա Դանիբեկյանի իրավասության տիրույթում:»,-ասացին ԲԴԽ-ից։

Հիշեցնենք, որ մարտի 23-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրաժարվել է մակագրել Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը այլ դատավորի, պատճառաբանելով, որ սույն քրեական գործը գտնվում Ա․ Դանիբեկյանի վարույթում և միջնորդությունը գտնվում է բացառապես իր լիազորությունների շրջանակում։ Աննա Դանիբեկյանը վիրահատվել է, և հայտնի չէ, թե երբ կկարողանա վերադառնալ աշխատանքի։

Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխարինելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ