21 03 2020

Դատարանի նախագահը չի կարող այս պարագայում դատավոր Դանիբեկյանին փոխել. Ռուբեն Վարդազարյան

Դատարանի նախագահը չի կարող այս պարագայում դատավոր Դանիբեկյանին փոխել. Ռուբեն Վարդազարյան

Մարտի 20-ին 168.am–ը զրուցել է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ:

– Դիմել եք Փաստաբանների պալատին մարտի 17-ին` ժամը 13:00-ին նշանակված և դատավորի վատառողջ լինելու պատճառով չկայացած Ռոբերտ Քոչարյանի և մյուսների  գործով դատական նիստի օրը դատարանի դահլիճում փաստաբանների կողմից դրսևորած վարքագծի առնչությամբ: Մյուս կողմից՝ փաստաբանները նշում են, որ իրենք պատշաճ կերպով մինչ այդ օրը տեղեկացված չեն եղել, որ դատական նիստը չի կայանալու: Փաստաբանների պալատից ի՞նչ եք ակնկալում:

– Նախ ասեմ, որ տեքստն ամբողջությամբ հրապարակվել է, ծանոթ եք դրան, չեմ ուզում նորից կրկնել: Ավելին ասեմ, Դատական դեպարտամենտի ղեկավարի հրամանով` նշանակված է ծառայական քննություն` պարզելու համար կողմերի պատշաճ ծանուցված լինելու հանգամանքը: Ես ԶԼՄ-ներով մի քանի հարցազրույց եմ լսել, որ փաստաբաններից մեկն ասում է` այո, մեզ երեկոյան զանգեցին, ասացին, որ վաղվա նիստը չի կայանալու, բայց դա մենք չհամարեցինք պատշաճ ծանուցում: Առանց մեկնաբանության եմ թողնում: Եթե փաստաբանին զանգում, ասում են, որ դատավորի հիվանդության պատճառով դատական նիստը տեղի չի ունենալու, և դա ինքը չի համարում պատշաճ ծանուցում, ի՞նչ ասեմ…

Միգուցե օրենքի առումով դա պատշաճ ծանուցում չէ, բայց զուտ այսօրվա՝ արտակարգ դրության   պայմաններում փորձել այդ ամենից սարքել շոու, համարում եմ մտացածին: Ի՞նչ եմ ակնկալում Փաստաբանների պալատից: Առնվազն ակնկալում եմ վարույթի հարուցում և այդ հանգամանքների ճշտում և պարզում: ԲԴԽ-ում քննարկված և իմ ստորագրությամբ ՓՊ գնացած գրության նպատակն ակնկալելն է, որ Պալատում այդ միջադեպը քննության առարկա կդառնա: Ավելին ասելը` կնշանակի՝ միջամտել Պալատի գործունեությանը, որի ոչ իրավունքն ունեմ, և ոչ էլ ցանկությունը:

-Նշված գործով փաստաբանները նշում են, որ մինչ օրս Աննա Դանիբեկյանից տեղեկություն չունեն, բայց միևնույն ժամանակ՝ անձնական երաշխավորության միջնորդություն է ներկայացված: Օրինակ, եթե կալանքի հարց քննվեր, 4 օր դժվար հարցն առկախ մնար ու դատավոր չլիներ: Այս պարագայում ԲԴԽ–ն ի՞նչ գործողություններ է պատրաստվում կատարել իր իրավասությունների շրջանակում: Եվ առհասարակ, այդ դատական նիստը, ի վերջո, ե՞րբ կկայանա: Ունե՞ք տեղեկություններ նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանից:

– Ես ունեմ տեղեկություն, որ Աննա Դանիբեկյանը վատառողջ է և անաշխատունակության թերթիկ է ներկայացրել կամ ներկայացնելու դատարանին: Օրենքը հստակ կարգավորում է, թե նման դեպքերում ինչպես  պետք է վարվի դատարանի նախագահը: Ես  զրուցել եմ դատարանի նախագահի հետ, տեղյակ եմ, որ նա ստացել է գրություն, որով փաստաբանները խնդրում են Աննա Դանիբեկյանին փոխարինել այլ դատավորով, որպեսզի այդ միջնորդությունը քննարկվի: Օրենքը հստակ կարգավորում է, որ վարույթն իրականացնող մարմինը, այսինքն` դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանը կարող է այդ միջնորդությունը քննարկել: Ես չգիտեմ` ի՞ նչ է պատասխանելու դատարանի նախագահը, բայց իմ իրավագիտակցությունը և դատարանի նախագահ աշխատելու իմ երկարամյա փորձն ինձ ասում են, որ նույնիսկ ցանկության դեպքում դատարանի նախագահն այս պարագայում չի կարող դատավոր փոխել:

– Բայց եթե, ենթադրենք, Աստված մի արասցե, Աննա Դանիբեկյանը բացակայի երկար ժամանակով, ի՞նչ է լինելու:

– Եթե դատարանի նախագահը կունենա այնպիսի տեղեկություն, որ դատավորը երկարատև բուժման կարիք ունի, այդ դեպքում, իհարկե, օրենքը թույլ է տալիս գործը հանձնել վերամակագրման: Բայց այս պահին ընդամենն ունենք Աննա Դանիբեկյանի անաշխատունակության վերաբերյալ տեղեկություն: Մենք չգիտենք` նա մեկ-երկու օ՞ր է հիվանդ լինելու, թե՞ մեկ շաբաթ: Այսինքն` բժշկական եզրակացություն պետք է լինի: Աստված չանի, բայց եթե մենք ունենանք տեղեկություն, որ Աննա Դանիբեկյանը կամ որևէ այլ դատավոր 6-ամսյա բուժման կարիք ունի, միանշանակ օրենքի ուժով դատավորի վարույթում գտնվող բոլոր գործերը կվերամակագրվեն:

– Իսկ եթե ժամկետն անորո՞շ է: Դուք չունեք եզրակացություն, բայց դատավորն անորոշ ժամանակով բացակայում է:

– Ի՞նչ է նշանակում` ժամկետն անորոշ է: 21-րդ դարում ենք ապրում: Ի վերջո, դատարանի նախագահը կարող է շփվել դատավորի հետ և հարցնել, թե իր կանխատեսմամբ` նա որքա՞ն ժամանակով դեռ կբացակայի: Ամեն դեպքում այդ հարցը կլուծվի միանշանակ օրենքով: Չի կարող կամայական որոշվել, որ փաստաբանը խնդրի վերամակագրել, ու դատարանի նախագահը հենց այդպես էլ անի: Դա միայն օրենքով է կարգավորվում:

– Ինչպե՞ս է ԲԴԽ–ն մեկնաբանում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարություններն այն մասին, որ ինքը չի պատրաստվում կատարել դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, որովհետև դատարանները չեն վայելում ժողովրդի վստահությունը։ Պատրաստվո՞ւմ եք արդյոք դիմել վարչապետին իր կառավարության նախարարի հայտարարության կապակցությամբ։

– ԲԴԽ-ում արձագանքել-չարձագանքելու հարցը քննարկվել է…Ինչ վերաբերում է Արսեն Թորոսյանի հայտարարությանը (Ռուբեն Վարդազարյանը ժպտում է.- Գ.Ս.)…Ես ժպիտով եմ վերաբերվում այդ հարցին: Բոլորս տեսնում ենք Արսեն Թորոսյանի այսօրվա ծանրաբեռնվածությունը և այն աշխատանքը, որը նա կատարում է: Այդ հոգնածությունը հասկանում ենք: Դրա հետ մեկտեղ՝ նաև հասկանում ենք նրա վրդովմունքը, զայրույթը, որ գործ է պարտվել դատարանում: Բայց չի կարող Հայաստանում որևէ քաղաքացի, որևէ պաշտոնյա հայտարարել, որ ինքը չի ընդունում դատարանի ակտը և չի կատարելու այն:

Իհարկե կատարելու է: Չի կարող կառավարության անդամը դատական ակտը չկատարել: Ընդամենը այսքանը: Եթե չկատարի, հետևանքներ կլինեն: Դրա պատասխանատուն ԲԴԽ-ն չէ: Դրա պատասխանատուն դատական իշխանությունը չէ: Եթե մյուս կողմը կատարողական թերթ վերցնի և ներկայացնի Հարկադիր կատարման ծառայությանը, նրան կպարտավորեցնեն դա անել: Ի վերջո, քաղաքացիական դատավարությունը մրցակցային դատավարություն է, բայց մեծ առումով համարում եմ, որ չի կարող որևէ մեկը ՀՀ-ում որոշել, որ ինքը չի կատարելու օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ