«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Մեր երկրում Սահմանադրական ընթացակարգերի նկատմամբ միշտ եղել է ընդգծված հարգանք։ Ի սկզբանե։ Ի պատիվ Շարժման առաջնորդների՝ Հայաստանի Հանրապետությունը նախկին խորհրդային միակ հանրապետությունն էր, որն անում էր ամեն հնարավորը՝ ամենայն մանրամասնությամբ պահպանելու ԽՍՀՄ սահմանադրաիրավական ընթացակարգերը՝ անկախություն հռչակելիս։
Այս սկզբունքը մինչև 2020 թվականի փետրվարի 6-ի երեկո մնացել է անքակտելի։ 1998 թվականի փետրվարյան ճգնաժամից մինչև 2018 թվականի ապրիլ-մայիսյան ու հոկտեմբերյան ճգնաժամեր՝ այդ ամենը հանգուցալուծվել է բացառապես Սահմանադրական ընթացակարգերի շրջանակներում։
Եվ հիմա խաչ է քաշվում նաև այդ ֆունդամենտալ արժեքի վրա։ Ու դա այնպիսի մեծ հարված է մեր պետության իրավական անվտանգությանը, որ դժվար է անգամ հաշվարկել՝ թե՛ հետևանքները, թե՛ դրանք չեզոքացնելու հնարավորությունները։
Դժվար գործ է՝ փաստարկել նուրբ պատճառական կապերի գոյությունը։ «Դուք, իրավաբաններդ, շատ եք կարևորում ձևականությունները» - ասում են շատերը։ Եվ սկզբունքորեն սխալ չեն։Բայց խնդիրը վստահաբար իրավաբանները չեն, այլ «խաղի կանոնների գոյության մասին կանոնը»՝ որպես ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԱՆՈՆ։ Որպես կանոններ լինել-չլինելու առհավատչյա։ Բա՞րդ էր։ Լավ, ուրիշ կողմից գամ։ Որևէ մեկը լրջորեն մտածե՞լ է՝ ինչու մեզ հաջողվեց խուսափել քաոսից 90-ականների սկզբին, իսկ մեր հարևան հանրապետություններին չհաջողվեց»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը